Մատչելիության հղումներ

Կյուրեղյանի ընտանիքի անդամները ոչինչ չգիտեին նրա ծրագրերի մասին


Հայկ Կյուրեղյանի ընտանիքի անդամները ոչինչ չգիտեին նրա ծրագրերի մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00
Հինգշաբթի Կենտրոնի դատարանի առջև դեռևս անհայտ տեսակի ատրճանակից ոստիկանների ուղղությամբ գնդակներ արձակած Հայկ Կյուրեղյանի ընտանիքի անդամները ոչինչ չգիտեին նրա ծրագրերի մասին, իսկ պատահարի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից, «Ազատության» հետ զրույցում պատմեց նրա եղբայրը՝ Արեգ Կյուրեղյանը։

Արեգը եղբոր քայլերի դրդապատճառի մասին էլ ոչինչ չի իմացել, տեղեկացել է, ինչպես մյուսները, միջադեպից առաջ Հայկի արած հայտարարությունից։ Հայկի քաղաքական հայացքների մասին եղբայրը չի ուզում խոսել, միայն ասում է, որ նա միշտ է դեմ եղել անարդարությանը։

Երեկ ոստիկանները տունը խուզարկելիս գտել են ատրճանակի տուփը, եղբայրները չեն հասցրել անգամ նայել, թե ինչ տուփ է եղել։ Միջադեպից առաջ Հայկ Կյուրեղյանը հայտարարեց, որ կրակելու է գազային ատրճանակից, ոստիկանությունից այս տեղեկությունը ոչ հերքում, ոչ հաստատում են, ասում են՝ նախաքննությունը կպարզի մանրամասները։

«Ինքը արել է, գիտի, որ պատասխանատվություն է կրելու։ Ինքը պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը»,- ասաց եղբայրը։

Կյուրեղյանների 5 հոգանոց ընտանիքից երեք աշխատում են, Հայկն ավարտել է ճարտարապետական համալսարանը, հարազատների խոսքով՝ լավ է սովորել, աշխատել է որպես ծրագրավորող, եղբոր խոսքով իրենց ընտանիքը սոցիալական վիճակը վատ չէ, բայց Հայկը միշտ վրդովված է եղել երկրի ընդհանուր վիճակով։

Երեկ դատարանի բակում, որտեղ ընթանում էր հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանի գործով դատական առաջին նիստը, Հայկը կրակոցներից առաջ ասել է, որ Շանթի հետ կապ չունի, նրա տեսակետների հետ էլ կարող է համաձայն չլինել, բայց փողոց է դուրս եկել, քանի որ նրան դատում են անարդար։

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը հաստատում է, որ Հայկ Կյուրեղյանին հետ մտերիմ չէր, միայն երթերի ժամանակ է մի քանի անգամ հանդիպել նրան, բայց պատրաստվում է այսուհետ ամեն կերպ սատարել նրան։ Այդ մասին նաև հայրն է խնդրել Շահենին։

«Նա վտանգեց իր կյանքը, չէ որ այդ պահին ոստիկաններից մեկը, չհասկանալով, թե ինչ էր կատարվում, սպաներ այդ տղային, որպեսզի փրկի կողքի մարդկանց։ Նա իր ազատությունը զոհաբերեց հանուն արդարության վերականգնման»,- ասաց Շահենը։

Ըստ ոստիկանության՝ Հայկի բաց թողած գնդակներից վիրավորվել է հինգ ոստիկան, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ վնասվածքներ ստացած ոստիկանները հետազոտվել են, 2 ժամ անց տուն են գնացել, «Շտապ օգնության» բաժանմունքի բժիշկ Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ նրանց վիճակը գնահատվել է բավարար։

«Ոստիկաններից միայն մեկի մոտ հետազոտություններով հայտնաբերվել է գլխի ճակատային հատվածի փափուկ հյուսվածքներում օտար մարմին, որը հեռացվել է։ Մյուսների մոտ եղել են ընդամենը սալջարդ վերքեր»,- ասաց բժիշկը։

Ոստիկաններից չորսը այտուցներ են ունեցել, իսկ հինգերորդի մաշկից հանվել է, ըստ բժշկի, փոքրիկ մետաղյա գնդակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG