Մատչելիության հղումներ

Քառյակն աշնանը «համարժեք պատասխան կտա իշխանությանը»


Քառյակն աշնանը «համարժեք պատասխան կտա իշխանությանը»
please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00

Քառյակն աշնանը համարժեք պատասխան կտա իշխանությանը, այսօր քառյակի հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` ընդգծելով, որ իշխանությունը, օգտագործելով շոգն ու քաղաքական դադարը, որոշել է թանկացնել էլեկտրաէներգիան և ժողովրդին վզին փաթաթել պարտադիր կուտակային համակարգը:

«Եթե իսկապես իշխանությունը այս քաղաքական պաուզան օգտագործում է, որպեսզի նման որոշումներ պարտադրի ժողովրդին, քառյակը աշնանը համարժեք պատասխան կտա նման իշխանությանը»,- ասաց Հակոբյանը։

Իսկ մինչև աշուն քառյակը պատրաստվում է համոզել, նաև ստիպել իշխանություններին՝ ետ կանգնելու հոսանքի թանկացումից: Ինչպես Արամ Մանուկյանն ասաց՝ գուցե անհույս լավատեսություն է, թե կկարողանա իշխանություններին ետ պահել այդ որոշումից, բայց կփորձեն, քանի որ ունեն էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու հիմնարար լուծումներ:

Արամ Մանուկյանը մի քանի օրինակ բերեց՝ նշելով, որ նախ էներգետիկ համակարգում աշխատող ընկերությունները անթույլատրելի գերշահույթներ են ստանում, ինչը կրճատելով կարելի է լուծել առաջացած ֆինանսական ճեղքվածքը, ինչի պատճառով էլ իբրև թե թանկացում են հոսանքը: Բացի այդ, հիշյալ ընկերությունները մեծ վարկեր են վերցնում, և ամեն տարի 400 միլիոնից մինչև մի քանի միլիարդի դրամի վարկ են փակում: Իսկ այդ ամենը նույնպես հաշվարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Այսինքն Հայաստանի քաղաքացին վճարում է այդ ընկերությունների վերցրած վարկերի համար:

«Լուրջ մեծ վարկեր վերցվում են, ծախսվում են կամ մսխվում են, արդյունքում նշածս էֆեկտները չեն երևում։ Այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան»,- ասաց Մանուկյանը։

Մեկ այլ խնդիր էլ կա՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ղեկավար կազմին վճարվող հսկայական աշխատավարձերը, որոնց համար նույնպես վճարում է Հայաստանի քաղաքացին: Մանուկյանի տվյալներով՝ այս ընկերությունը տարեկան 17 միլիարդ դրամի, այսինքն ավելի քան 40 միլիոն դոլարի աշխատավարձ է տալիս:

«Մենք չկարողացանք ճշտել ՀԷՑ-ի բարձրագույն պաշտոնյաների ճշգրիտ աշխատավարձը։ Չեն պատասխանում, որովհետև գիտեն, որ դա աննորմալ աշխատավարձ է, և 37 տոկոս աղքատության պայմաններում, եթե մարդիկ 40-50 հազար աշխատավարձ են ստանում, ամաչում ենք անգամ ասել»,- ասաց նա.- «Արդեն նշեցի մի 5-6 տարբերակ, որ կարելի է լուծում գտնել և չթանկացնել։ Ամփոփեմ այսպես՝ քառյակը տեր է իր հայտարարությանը և մեր պահանջների մեջ է, որ իշխանությունը պետք է այս խնդիրը լուծի»։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ ոչ իշխանական ուժերը էլեկտրաէներգիան չթանկացնելու համար այնքան համոզիչ փաստարկներ են բերել, որ Ռոբերտ Նազարյան առնվազն պետք է հետաձգեր հոսանքի թանկացման որոշումը:

«Ինչո՞ւ չհետաձգվեց... որովհետև վերևից պատվեր կա, այդ հանձնաժողովն էլ կատարում է»,- ասաց նա։

Ռուստամյանի փոխանցմամբ՝ այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը ֆինանսական միջոցների կարիք ունի: Եվ քանի որ արտադրություն չկա, տնտեսության մյուս ճյուղերն էլ փակուղային վիճակում են, հետևաբար մնում է երկու ճանապարհ՝ փող կորզել ժողովրդից, ինչի արդյունքում աղքատությունը իրականում հասել է 70-80 տոկոսի, և անընդհատ վարկեր վերցնել՝ մեծացնելով առանց այն էլ հսկայական արտաքին պարտքը:

Ի դեպ, երեկ Սերժ Սարգսյանը առաջարկել է Հովիկ Աբրահամյանին եղանակներ գտնել՝ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Աբրահամյանն էլ արդեն հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ:

Այսօր քառյակը հակադարձեց Սերժ Սարգսյանի այս քայլին՝ ընդգծելով, թե հոսանքի թանկացումը ոչ թե վերաբերում է 100 հազար ընտանիքի, այլ ամբողջ Հայաստանին, ուր միայն 500 հազար թոշակառու է ապրում: «Սա քամի է, փուչ խոստում»,- նախագահի առաջարկին արձագանքեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հետևյալ հաշվարկը ներկայացրեց.- «Խոսքը 105 հազար ընտանիքի մասին է, իմ ունեցած տեղեկություններով՝ ամսական 200 կվ/ժամի մասին է խոսքը, մի ընտանիքի հաշվով այդ փոխհատուցումը կլինի ամսական մոտ 1000 դրամ, այսինքն այստեղ մենք, իհարկե, չենք կարող դրանով սփոփել, որ այդ սակագինը աճել է։ Միանշանակ պետք է համակարգային լուծում տալ։ Այսինքն պաշտոնապես աղքատները՝ 1 միլիոն մարդը 105 հազար ընտանիք չէ»։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ իր հերթին նշեց, որ անապահով խավը իրականում ոչ թե այդ 100 հազար ընտանիքն է, այլ երկրի 70-80 տոկոսը: Եվ այս թիվը հոսանքի թանկացումից հետո ավելի է մեծանալու.- «Եվ բոլորովին այլ չափերի փոխհատուցման մասին պետք է մտածել, ոչ թե մենք մեզ խաբենք»։

XS
SM
MD
LG