Մատչելիության հղումներ

Քառյակը պահանջում է մինչև սակագնի բարձրացումն ուսումնասիրել էլեկտրաէներգիայի ոլորտը


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկում է հօգուտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: 7-ը հուլիսի, 2013թ.
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկում է հօգուտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: 7-ը հուլիսի, 2013թ.

Քառյակն իշխանություններից պահանջում է բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մինչև ոլորտի թերություններն ուսումնասիրելը:

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը երեկ երեկոյան տարածած հայտարարության մեջ հաշվարկել են. եթե թանկացում, այնուամենայնիվ, լինի, ընդամենը մեկ տարում սակագինը փաստորեն բարձրանալու է 40 տոկոսով:

Համատեղ հայտարարությունը ստորագրած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց` նոր թանկացումը ճակատագրական է լինելու. - «Հոսանքի թանկացումը նշանակում է բոլոր ապրանքների թանկացում: Հոսանքի թանկացումը նշանակում է աղքատության շեմի ավելի բարձրացում, արտագաղթ: Ամենակարևորը` մեր ապրանքների մրցունակության բավականին լուրջ, շատ վատ հնարավորություն. բնականաբար, ինքնարժեքը ապրանքի կմեծանա և այլն»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ է որոշել վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը. ցերեկայինը 1 կիլովատտ/ժամի դիմաց ներկայումս գործող 38 դրամը դարձնել 41,85 դրամ, իսկ գիշերայինը` 28-ի փոխարեն սահմանել 31,85 դրամ:

Պետական մարմնի պաշտոնական կայքում կարդում ենք. - «Նախաձեռնությունը հայաստանցի սպառողի անվտանգության համար է: Անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում»:

Հանձնաժողովի նիստը նախատեսված է հուլիսի 1-ին, նոր սակագինը, հաստատվելու դեպքում, կգործի օգոստոսի 1-ից:

Հակոբյանը սակագնի բարձրացման հիմնավորումները համոզիչ չի համարում. - «Մի այսպիսի պրակտիկա է մտել մեր կենսագրության մեջ. պոստ ֆակտում գալիս ասում են` այսքան պարտք ունենք: Օրինակ, 300 միլիոն դոլար պարտք ունեինք գազի գծով: Չգիտեմ 21 միլիարդ է թե 18 միլիարդ դրամ պարտք ունեն: Երբ փորձում ենք հասկանալ որտեղից է դա, ոչ ոք համոզիչ պատասխան չի տալիս: Ինչ-որ վերսահմանադրական մի մարմին է գոյացել, որ ինչ-որ գործեր է անում, հետո գալիս ասում է` գիտեք, այս վիճակում ենք հայտնվել»:

«Եթե օբյեկտիվ է թանկացումը, ոչինչ հնարավոր չի անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Իսկ հասարակական հնարավոր դժգոհությունը իշխանությանը չի մտահոգում: «Թանկացում է, ինչ-որ մարդիկ կլինեն, որոնք կդժգոհեն այդ թանկացումից: Բայց այստեղ պետք է նայել օբյեկտի՞վ է թանկացումը, թե՞ ոչ: Ես կարծում եմ օբյեկտիվ է, որովհետև մի քանի քննարկումներ եղել են արդեն, և այդպես չի, որ գաղտնի ձևով թանկացումներ են տեղի ունենում», - ասաց Սահակյանը:

Ռուբիկ Հակոբյանի կանխատեսմամբ` հասարակական դժգոհությունն անխուսափելի է, ուստի իշխանությանը խորհուրդ տվեց ամառային շրջանի վրա հույս չդնել. - «Քառյակը միշտ արձագանքելու է որևէ որոշման, որն այս ընթացքում կլինի: Զգում եմ, որ այսպես ճարպիկ մարտավարություն են որդեգրել. ինչ-որ մի բան այսպես խցկել, անցկացնել` մի ձայն ավել բերելով, մի ձայն փախցնելով, մեկի տեղը քվեարկելով և այլն: Ֆորս մաժորներ կարող են լինել»:

Քառյակի անդամ կուսակցությունները համոզված են, որ էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկությունների փաստացի սնանկ վիճակում հայտնվելը բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում տարիներ շարունակ իրականացվող ոչ արդյունավետ ու անհամարժեք քաղաքականության վկայությունն է: Ուստի իշխանությունից պահանջում են իրականացնել էլեկտրաէներգիայի համակարգի ամբողջական աուդիտ, բացահայտել ոլորտի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին, ձևավորել ոլորտի պետական կարգավորում:

Ռուբիկ Հակոբյանը ծիծաղելի է համարում մենաշնորհ ապահովելն ու այնուհետև հայտարարելը, թե այն վնասով է աշխատում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, հիշեցնեմ, մեր սպառողներին էլեկտրաէներգիա մատակարարելու բացառիկ մենաշնորհ ունի:

«Այդ ո՞ր խելագարն է, որ վնասով պետք է աշխատի: Պահում է մենաշնորհը, վնասով է աշխատում: Այդ ի՞նչ մահապարտներ են հայտնվել», - հարցեր հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

XS
SM
MD
LG