Մատչելիության հղումներ

«Էլեկտրաէներգիայի թանկացումը քաղաքացիների գրպանից գողություն է»


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում
Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում

«168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանն անհիմն է համարում էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը և դա քաղաքացիների գրպանից գողություն է որակում։

«Ընդունելի չեմ համարում թանկացման փորձերը՝ այն պատճառով, որ պետական կառույցը ինքը որպես նախաձեռնող է հանդես գալիս ու փորձում է սեփական նախաձեռնությամբ սեփական բնակիչների հաշվին փակել ինչ-որ մասնավոր ընկերության կրած վնասները, երբ էդ մասնավոր ընկերությունը ինքն իր ապաշնորհ ղեկավարման պատճառով է այդ վնասները կրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թունյանը՝ շարունակելով․ - «Նույն պատճառաբանմամբ ցանկացած ապրանք թանկացնում են ցանկացած տնտեսվարող սուբյեկտի համար, ինչը համարում եմ սխալ։ Ուղղակի այստեղ ավելի սկզբունքային է հարցը՝ եթե անգամ կես դրամ են մարդկանցից գողանում, ուրեմն պետք է թույլ չտալ գողանալ։ Կապ չունի՝ դա նրանց ֆինանսական, սոցիալական վիճակի վրա ինչ չափով կազդի։ Եթե մարդիկ վստահ լինեին, որ էդ հիմնավորումներն արդարացի են, ամեն ինչ հիմնավորված է ու դա տնտեսագիտորեն հիմնավորված անհրաժեշտություն է՝ բողոքի ալիք չէր լինի»։

Իսկ թանկացման օգտին հանդես եկողները նշում են, որ որևէ ընկերության վատ աշխատանքի հետևանքով չէ, որ պատրաստվում են բարձրացնել սակագինը։ Նրանք պնդում են, որ պատճառներն օբյեկտիվ են, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը վնասներ է կրել ատոմակայանի նախատեսվածից շատ չաշխատելու և այլ պատճառներով։ Անգամ սպառնալիքներ են հնչում, որ եթե էլեկտրաէներգիայի գինը չբարձրանա, հաճախակի կդառնան հոսանքի անջատումները։

Բաբկեն Թունյանը սա շանտաժ է համարում։ Նրա խոսքով՝ նույնը փորձում են անել տրանսպորտի դեպքում՝ ասելով, թե գծատերերը վնասով են աշխատում և չեն կարողանում պահեստամասեր գնել մեքենաների համար։

«Ինչպես տեսնում ենք՝ տրանսպորտը մինչև հիմա աշխատում է, ու ոչ մի գծատեր իր գիծը ոչ մեկին զենքի սպառնալիքով էլ չի զիջի, եթե դա էդքան շատ վնասաբեր լիներ, հիմա շուտվանից ինքնակամ հրաժարվել էին։ Իսկ հովհարային անջատումների մասին և նման այլ բաների մասին խոսակցություններն ուղղակի շանտաժի ձև է», - ընդգծեց մեկնաբանը։

Մարդիկ այլևս չեն վստահում բերվող պատճառաբանություններին, և սա, տնտեսական մեկնաբանի կարծիքով, ավելի մեծ խնդիր է, քան թանկացման հետևանքով սոցիալական ճգնաժամի խորացումը։

«Եթե մենք հիմա հետ ենք գնում ու նախորդ տարվա թանկացումը վերանայում ենք, երբ որ կրկին չորս դրամով թանկացրին հոսանքը, ստացվում է, որ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի գինը մոտ 40 տոկոսով թանկացել է, ու էս պայմաններում մարդկանց մոտ վստահություն չկա, որ մեկ տարի հետո նորից ինչ-որ ֆինանսական ճեղքվածք չի առաջանա ու նորից հարկ չի լինի մի հինգ դրամով նորից ավելացնելու։ Այսինքն՝ վստահության բացակայությունն է ամենագլխավոր խնդիրը», - ասաց Թունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG