Մատչելիության հղումներ

Քաղաքացիներին անհանգստացրել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը


Հրազդանի ՋԷԿ-ը
Հրազդանի ՋԷԿ-ը

Առաջիկա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի զարմացրել, սակայն անհանգստացրել է Երևանի քաղաքացիներին։

«Ազատության» հարցումներին ի պատասխան՝ նրանք ասում են, որ մեկ տարի առաջ արդեն իսկ զգալիորեն թանկացած էլեկտրաէներգիայի համար առանց այդ էլ դժվար են վճարում, հիմա չգիտեն՝ օգոստոսից հետո կարո՞ղ են մարել ծախսված էներգիայի դիմաց կուտակված պարտքը։

«Այսօր ժողովուրդը ոչ կարողանում է պայքարել ու իր ուզածին հասնել, ոչ էլ կարողանում է օր-օրի թանկացումներին դիմակայել», - ասում են բնակիչներն ու խորհուրդ տալիս իշխանություններին՝ պաշտոնյաների աշխատավարձերը կրճատել ու այդ կերպ առաջացած ֆինանսական ճեղքվածքները փակել։

Հիշեցնենք՝ երեկ երկու ժամից ավելի տևած լարված քննարկման արդյունքում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշեց, որ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի 1 կիլովատ/ժամի ցերեկային սակագինը ներկայումս գործող 38 դրամի դրամի փոխարեն օգոստոսի 1-ից կդառնա 41․85 դրամ, իսկ գիշերայինը՝ 28-ի փոխարեն 31․85 դրամ:

Սակագինը մոտ տասը տոկոսով թանկացնելը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բացատրում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով, որը կազմում է շուրջ 20 միլիարդ դրամ (մոտ 50 միլիոն դոլար)։ Այս պատճառաբանությունն այնքան էլ ընդունելի չէ քաղաքացիների համար։

«Էդ նույն բանն ասում էին, երբ գազի սակագինն էին բարձրացնում, էդ նշանակում է, որ մեր պատասխանատու մարմիններն իրենց դերը ճիշտ չեն ստանձնում։ Եթե սպառողները բոլորը վճարում են, էդ պարտքը որտեղի՞ց գոյացավ, իրենց գրպաններն են լցրել, հիմա արդարանում են», - ասացին նրանք։

Նշենք, որ հանձնաժողովի կողմից նաև սպառնալիքներ են հնչում, որ եթե էլեկտրաէներգիայի գինը չբարձրանա, հոսանքի անջատումները հաճախակի կդառնան։ Այս սպառնալիքները ևս համաքաղաքացիները տարակուսանքով են ընդունում։

«Ի՞նչ է, էն պատերազմի տարինե՞րն են, որ հովհարային անջատումներ լինեն, որ ասեն՝ ատոմակայանը չի աշխատում։ Մեծամորի ատոմակայանը հերիք է, որ մեր Հայաստանը պահվի, իսկ Հրազդան գետի վրա քանի հատ ՀԷԿ-եր ունենք», - ասում են քաղաքացիները։

Քաղաքացիներն արդեն որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում են կանխատեսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG