Մատչելիության հղումներ

Զուրաբյանի պնդմամբ` Հանրապետական մեծամասնությունը երեկ տապալել է քվեարկությունը


Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե Ազգային ժողովի չորս ուժերի համագործակցության արդյունքում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ:

Թեև Կառավարության ծրագիրը երեկ հավանության արժանացավ խորհրդարանում, Զուրաբյանը, այդուամենայնիվ, հայտարարեց, թե Հանրապետական մեծամասնությունը տապալել է քվեարկությունը:

«Կողմ գրանցվել է 70 ձայն, որոնցից առնվազն 3 ձայնը կեղծվել է: Համոզվելու համար ձեզ պետք է ընդամենը նայել վիդեոնյութը, որտեղ երկու հանրապետական քվեարկում են բացակա հանրապետականների փոխարեն: Դա հարբած վիճակում ԱԺ պատգամավորներ են եղել, որոնց բերման են ենթարկել դահլիճ, որ իրենք թեկուզև անգիտակից կամ կիսագիտակից վիճակում կարողանան քվեարկել», - փաստարկեց ընդդիմադիր գործիչը` հավելելով, թե ՀՀԿ-ն իր մեծամասնությունը կորցնելու եզրին է, քանի որ այսպիսի մեծ մոբիլիզացիայի` գինովցած և ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների շնորհիվ է կարողանում անցկացնել Կառավարության ծրագիրը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց. - «66 կողմ էր անհրաժեշտ, և եթե իսկապես մենք ունենային այդքան մշակույթ, որ կա'մ հետապնդեինք` եթե սխալ ենք քվեարկություն ունեցել, կա'մ պատգամավորներն ունենային այնքան գիտակցություն, որ չի կարելի կողքի պատգամավորի փոխարեն քվեարկել, շատ հնարավոր է, որ այս ծրագիրը չանցներ»:

Հանրապետականի մեծամասնությունը «փխրուն» է համարում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` առաջիկայում ՀՀԿ-ի համար ավելի դժվարին օրեր կանխատեսելով. - «Եթե այս ամենակարևոր հարցի հետ կապված իրենք այդպիսի պրոբլեմ են ունենում, սա նշանակում է, որ հետագայում այդ պրոբլեմներն ավելի զգալի իրենց դրսևորելու են»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս մեղադրանքին համաձայն չէ. ո'չ գինովցած պատգամավորների է տեսել, ո'չ ուրիշի փոխարեն քվեարկողների, իսկ եթե տեսներ` նկատողություն կաներ. - «Մենք կքննարկեն և կդատապարտենք, որպեսզի մյուս անգամ նման երևույթները չկրկնվեն»:

Իշխող քաղաքական ուժի խմբակցության ղեկավարը պնդեց, որ իրենք փխրուն չեն. ընդդիմությունն է ցանկանում իրենց այդպիսին դարձնել, բայց նրանց դա չի հաջողվի:

Բաղդասարյանը, այնուամենայնիվ, համաձայն է, որ կոալիցիայի փլուզումից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, և ՀՀԿ-ն քվեարկությունների ժամանակ պետք է ավելի զգոն լինի. - «Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, պատգամավորները ըմբռնումով են մոտենում այս իրավիճակին: Եվ դրա կարիքը չկա` խառնվելու և այլն: Բայց մենք շատ ուշադրություն ենք դարձնում ընթացքում գործուղումների հետ կապված խնդիրներին: Որովհետև հինգ հոգի, վեց հոգի բացակայության դեպքում կարող ենք խնդիրներ ունենալ»:

Ճեպազույցների ընթացքում խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձան նաև Կառավարության ծրագրից ակնկալվող արդյունքներին։

Ոչ իշխանական ԲՀԿ-ն ամենալավատեսն էր։ Միքայել Մելքումյանն ասաց՝ եթե քաղաքական որոշումների մենաշնորհ չլինի, հնարվոր է անգամ, որ Աբրահամյանի կառավարությունը հաջողության հասնի. - «Երբ ասում եմ քաղաքական մենաշնորհ, տվյալ դեպքում ի նկատի ունեմ, որ Կառավարության ղեկավարը և առանցքային նախարարները կարողանան վճռական ազդեցություն ունենալ իրենց ծրագրերի կատարման համար: Այլ ոչ թե ասենք` քաղաքական որոշում է և վերջ: Ուրեմն դատապարտված ենք, և չի լինելու»:

«Ժառանգություն»ը, ընդհակառակը, վատատես է` եղած ռեսուսներով հաջողության գրանցելն անհնար կլինի: Ավելին` Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ Աբրահամյանը հրաժարական կտա։

Հանրապետականի խմբակցության ղեկավարը հակադարձում է. - «Չպետք է այդպես մտածեն: Մենք ասում ենք` եկեք համագործակցենք, որ փոխենք: Իրենք չեն ցանկանում փոխել: Այսինքն անհամբեր տանը նստած սպասում են և ինչ-որ բաներ են խառնում, որ շուտ փլուզվի՞»։

«Կառավարության ծրագրի ձախողումն ամենաքիչը մենք ենք ցանկանում», - ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ ավելացնելով, որ Աբրահամյանի կառավարության աշխատանքը գնահատելու գլխավոր չափորոշիչը քառյակի համար արտագաղթի տեմպի նվազեցումն է լիենլու։

Ի դեպ այսօր ճեպազրույցների ժամանակ ոչ իշխանական 4 ուժերը անընդհատ գործածում էին «քառյակ» բառը, վերջերս իշխող կոալիցիայից դուրս եկած «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հակադարձեց. - «Ուզեք թե չուզեք, հնգյակ է ընդդիմադիր դաշտը»:
XS
SM
MD
LG