Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ընդունեց նոր կառավարության ծրագիրը


Ազգային ժողովն ընդունեց նոր կառավարության ծրագիրը
please wait

No media source currently available

0:00 0:05:43 0:00
Քառօրյա քննարկումներից հետո այսօր կառավարության ծրագիրն արժանացավ հավանության՝ մեծամասամբ հանրապետականների ջանքերով։ Նրանց միացավ նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Այսօրվա քվեարկության պատճառով առավել նոսրացան «Օրինաց երկիր» խմբակցության շարքերը։ Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից և կողմ կքվեարկի կառավարության ծրագրին։

Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այս առնչությամբ ասաց.- «Այն, ինչ որ այս երեք օրը թատրոն էինք այստեղ ցույց տալիս և համագործակցության կոչեր էիք անում, հնարավոր չէ, որ գործարար մարդը կարողանա տեսակետ և կարծիք ունենալ և չքվեարկել այնպես, ինչպես ձեզ է պետք»։

Կառավարության ծրագիրն ընդունվեց 70 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Քվեարկությանը չմասնակցեցին Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը, նրանց հետ նաև ՕԵԿ-ը՝ նոր կազմով։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ոչ իշխանական երեք ուժերը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», Դաշնակցությունը հակված էին դեմ քվեարկել նոր կառավարության ներկայացրած ծրագրին, սակայն միասնականություն պահպանելու համար նրանք պաշտպանել են «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը։

ՀԱԿ-ի կարծիքով՝ բիզնեսն ու քաղաքականությունը Հայաստանում սերտաճած են։ Լևոն Զուրաբյանը Աստվածաշնչի օգնությանը դիմեց հայտարարելու համար, որ չպետք է հավատալ ոչխարի հանդերձանքով մատուցվող թղթի կտորներին, նրանց պետք է ճանաչել իրենց գործերով։

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կառավարության անդամ են նշանակվել Հայաստանի ամենավարկաբեկված, ամենաօդիոզ, ամենակոռումպացված պետական պաշտոնյաները, ում հետևից երկարաձգվում է անթիվ մեղադրանքների և հանցանքների մի ամբողջ շլեյֆ։ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի մասին շատ խոսվեց, բայց ինչո՞վ են նրանցից պակաս, օրինակ, Երվանդ Զախարյանը... նրա նկատմամբ քրգործ էր հարուցված, նրան փնտրում էր Հայաստանի արդարադատությունը հայտնի «մազութի գործի» շրջանակներում կորած 4.2 միլիոն դոլարի հետքերը գտնելու նպատակով։ Սակայն Զախարյանը փախուստի էր դիմել և այդպես էլ պատասխան չտվեց քննության կողմից բարձրացված հարցերին»,- ասաց Զուրաբյանը։

«Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը»,- շարունակեց թվարկել ՀԱԿ խմբակցության ղեկավարը.- «Նրան Հայաստանի ողջ հանրությունը բառիս բուն իմաստով հայհոյում է Երևանի ճարտարապետական տեսքի աղավաղման, պատմամշակութային նշանակություն ունեցող շենքերի աղավաղման, Հրազդանի կիրճի, Օպերայի, Օղակաձև զբոսայգու կանաչ տարածքների ոչնչացման և քաղաքական բոլոր նորմերի խախտումով Երևանի կենտրոնի կառուցապատման, հասարակ հազարավոր քաղաքացիների ունեզրկման համար»։

Զուրաբյանը տվեց նաև արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի անունը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի անունները։

ԲՀԿ-ի կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած ծրագրում բացակայում է նրա նախորդի՝ Տիգրան Սարգսյանի արած սխալների վերլուծությունը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով՝ ծրագիրը վատն է նաև այն պատճառով, որ ընդդիմությանը լծակներ չի առաջարկում։

«Աջ ձեռքը, եթե տեսնում է, որ ձախը փող է գողանում, կտրի այդ ձեռքը, իսկ մեր իշխանությունները ապացուցել են, որ իմունիտետ չունեն փողի նկատմամբ, երբ փող են տեսնում հոգեխանգարմունքի մեջ են ընկնում»,- ասաց Հակոբյանը։

Դաշնակցության ներկայացրած 34 առաջարկներից, խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով, միայն մի քանիսն է ընդունվել.- «Չի կարող իրատեսական կոչվել մի ծրագիր, որը շրջանցում է գլխավոր մարտահրավերները և խուսափում է իրերն իրենց անունով կոչելուց»։

Ոչ իշխանական ուժերի նման կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցած ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանի խոսքով՝ գործադիրի հեղինակած փաստաթուղթը բարի ցանկությունների շարք էր։

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի կարծիքով՝ իր կուսակիցների ներկայացրած ծրագիրը չգնահատված է.- «Առաջին անգամ կառավարությունը արձանագրում է շատ կարևոր մի դրույթ, որ իր գերխնդիրը հանդիսանում է ՀՀ քաղաքացին։ Չի եղել այսպիսի առանձնահատուկ նախանշում»։

Նշենք, որ Հեղինե Բիշարյանի ելույթի ժամանակ նրան պարբերաբար խանգարում էր ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ կուսակիցների հետ ակտիվորեն զրուցելով։ Նրա բարձր տրամադրությունից Բիշարյանը եզրակացրեց.- «Այս տեսանկյունից մարդիկ սթափ չեն երևում»։
XS
SM
MD
LG