Մատչելիության հղումներ

Նոր կառավարության ծրագիրը` «իրատեսական»


Նոր կառավարության ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, և փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ, այսօր գործադիրի արդեն ամբողջական կազմով նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Ես համոզված եմ, որ այն ծրագիրը, որը ներկայացվելու է Ազգային ժողովում 20 օրվա ընթացքում, իրոք լինելու է իրատեսական: Կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման և արդյունավետության համար: Այն կառավարության անդամը, որը չի կատարի ներկայացված ծրագիրը և չի լինի արդյունավետ, ապա մեր ճանապարհները կբաժանվեն, անկախ նրանից, թե ինչքան ենք միասին մենք աշխատում», - նշեց վարչապետը:

Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասներ չհրապարակվեցին: Կրթության և գիտության նախարար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընդամենը նշեց, թե նոր կառավարության ծրագիրը լինելու է «մինիմալ ռիսկային և մաքսիմալ արդյունավետ»:

«Էֆեկտիվ գործունեությանը միտված կառավարություններ ենք մենք ունեցել, այս կառավարությունը նույնպես բացառություն չէ, հատկապես հաշվի առնելով, որ համալրված է հիմնականում փորձառու կառավարիչներով», - հայտարարեց Աշոտյանը:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով կառավարության նորեկներից է և նախկինում Հայաստանի դեսպանն էր Վրաստանում, քննադատաբար խոսեց նախորդ կառավարության մասին՝ պնդելով, թե Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը ավելի դեկլարատիվ էր` «շատ ավելի ընդհանուր ձևակերպումներով»:

Անելիքները շատ են, արդեն արդարադատության ոլորտին անդրադառնալով, փաստում է նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը․ - «Ամենակարևորն ասեմ՝ հասարակության վստահության մակարդակը, որը պիտի փորձենք բարձրացնել»:

Հիշեցնենք, որ արդարադատության ոլորտը 4 տարի ղեկավարած նախկին նախարար Հրայր Թովմասյանը իր պաշտոնավարման առաջին օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե ցանկանում է խնդիրների երկարաժամկետ լուծում տեսնել:

«Կա հանրապետության նախագահի ծրագիր, կա կառավարության ծրագիր, և ես` որպես կառավարության անդամ, այդ գծից, այդ ծրագրից չեմ կարող շեղվել», - մեզ հետ զրույցում ընդգծել էր նորանշանակ նախարարը:

Կառավարությունն այսօր առաջարկեց Ազգային ժողովի նախագահին մայիսի 12-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված կլինի մոտ երեք տասնյակ հարց, այդ թվում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
XS
SM
MD
LG