Մատչելիության հղումներ

Հայաստանյան հարկատուների մեծամասնությունը չի վստահում պետական մարմիններին


Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունելություն է կազմակերպել հայաստանցի գործարարների համար, արխիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունելություն է կազմակերպել հայաստանցի գործարարների համար, արխիվ:
Հայաստանյան հարկատուների գերակշիռ մասը չի վստահում պետական մարմիններին և կարծում է, որ վճարված հարկերը պաշտոնյաները նախևառաջ օգտագործում են անձնական նպատակներով:

Այս տվյալներն են առկա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի պատրաստած հետազոտությունում:

Մայիսի 7-ին հրապարակված «Հարկ վճարողների ընկալման հետազոտություն» զեկույցը, մասնավորապես, պնդում է, որ հարկ վճարողների, այլ կերպ ասած՝ հարկատուների 58 տոկոսը չի վստահում Հայաստանի նախագահին, մինչդեռ լիովին կամ որոշ չափով վստահում է միայն 26 տոկոսը: Մնացած մասը տվել է չեզոք պատասխան:

Հարկատուները է’լ ավելի շատ չեն վստահում Ազգային ժողովին ու կառավարությանը:

Գերակշիռ մասը չի վստահում նաև հարկային ու մաքսային ծառայություններին և դատական համակարգին:

Հետազոտությունում առկա հաջորդ ուշագրավ տվյալն այն է, որ գործարարների համոզմամբ, հարկերից գոյացած միջոցները Կառավարությունը նախևառաջ օգտագործում է անձնական նպատակներով, այնուհետև՝ բանակի կարիքների համար, երրորդ տեղում կենսաթոշակային հիմնադրամն է:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի կարծիքով, հեղինակավոր կառույցների կողմից նման տվյալների հրապարակումը ցույց է տալիս, որ գործարար միջավայրը բարելավելու, հարկային ու մաքսային քաղաքականությունը արդարացի, թափանցիկ դարձնելու մասին Հայաստանի իշխանությունների տարիներով հնչող խոստումները մնացել են լոկ որպես խոստումներ:

«Հարցը տնտեսական դաշտում չի գտնվում: Հարցը գտնվում է քաղաքական դաշտում: Եթե քաղաքական դաշտում որոշում ընդունվի, որ իսկապես Հայաստանի Հանրապետության գործարար և տնտեսական կյանքում բոլորը օրենքի առաջ հավասար են լինելու` անկախ նրանից, թե ինչ դիրք են գրավում, ինչ պաշտոն են գրավում, և օրենքը ընտրովի չի կիրառվելու Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, դա քաղաքական որոշում պիտի լինի: Ուրեմն մեր կյանքում ամեն ինչ էականորեն կփոխվի, նույնը նաև հարկային դաշտում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Հարցված գործարարների մեծ մասը՝ 44 տոկոսը, ասել է, որ հարկային ու մաքսային մարմինները կաշառք են վերցնում, 23 տոկոսըը գտնում է, որ չեն վերցնում, մնացածը՝ չգիտի այս հարցի պատասխանը կամ հրաժարվել է պատասխանել:

Ուշադրություն գրավող հաջորդ կետն այն է, որ եթե փոքր ու միջին բիզնեսի մեծ մասն է Հայաստանում հարկային բեռը գնահատել «շատ ծանր» և «ծանր» (այդպես է նշել 50 տոկոսից ավելին), ապա այդ կարծիքին է խոշոր բիզնեսի ընդամենը 19 տոկոսը: Հետազոտությունը փաստում է՝ որքան բիզնեսը փոքր է, այնքան հարկային բեռը ավելի ծանր է ընկալվում:

«Սա խոսում է նրա մասին, ինչի մասին որ մենք բոլորս շատ լավ տեղյակ ենք: Որ իսկապես մեզ մոտ ընդհանրապես հարկային գործունեությունը կապված է ոչ թե կոնկրետ գործարարի տնտեսական գործունեության հետ, այլ կապված է նրա հետ, թե նա ինչքանով է հովանավորվում իշխանության ներկայացուցիչների կողմից», - այս առնչությամբ նշեց Վահագն Խաչատրյանը:

Հետազոտության վերաբերյալ արձագանք ստանալու նպատակով դիմեցինք նաև արդեն Ֆինանսների նախարարության կազմում գործող Պետեկամուտների կոմիտե, սակայն այնտեղից այսօր չպատասխանեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG