Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանը պատահական չի համարում ՊԵԿ-ի և ֆիննախի միացումը


Գագիկ Խաչատրյանը պատահական չի համարում ՊԵԿ-ի և ֆիննախի միացումը
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Հայաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանի հավաստմամբ, պատահական չէր իր նշանակումից հետո Ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի միավորումը:

Այսպիսի հայտարարություն Խաչատրյանն արեց այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում:

2008-ից Պետեկամուտների կոմիտեն ղեկավարող Գագիկ Խաչատրյանի նշանակումը ֆինանսների նախարար, և նախարարության ու ՊԵԿ-ի միավորումը կամ, ինչպես լրատվամիջոցներում գրվեց «մեգանախարարության» ստեղծումը, Հայաստանի իշխանությունների հասցեին քննադատության պատճառ դարձավ:

Ըստ քննադատների, նախկինում ֆինանսների նախարարությունն ու Պետեկամուտների կոմիտեն միմյանց հակակշռում էին, ինչը դրական էր, քանի որ հակակշիռների մեխանիզմն էր գործում բյուջեի կազմավորման և իրականացման հարցում, այժմ «մեգանախարարության» ղեկավար Գագիկ Խաչատրյանը անելու է այն, ինչ կցանկանա:

«Որ դուք մի քիչ համբերություն ունենաք, հետագայում կտեսնեք՝ շահեց, թե տուժեց։ Աշխարհի 30-35 երկրներում նման փորձ կա, պետք չէ, որ անձերը որոշեն։ Դուք հիմա որ խորանաք մեր բարեփոխումների ծրագրի մեջ, ոչ թե ինձ հարցադրումներ անեք... եկեք տասը աշխատանքային օր անցկացրեք հարկային, մաքսային մարմիններում, ֆինանսների նախարարությունում, ինքներդ զգացեք՝ ես քանի թիկնապահ ունեմ, թիկնապահները հարվածում են աշխատողներին, գումար պահանջում են, չեն պահանջում... Եկեք, որ ինքներդ տեսնեք», - ասաց Խաչատրյանը։

Արձագանքելով այն քննադատություններին, որ իր «սուպերնախարարի» դիրքը կօգտագործվի ընտանիքի անդամների բիզնեսի համար, Խաչատրյանը ասաց. - «Հիմա, որ դուք պատասխանեք, թե «Մոցարտ»-ի սեփականատերը ով է, ես ձեր հարցին կպատասխանեմ, ձեր հորինած... Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, հարազատներ ունեն, բարեկամներ անեն, ի՞նչ պետք է անեն. կամ պետք է բիզնեսով զբաղվեն, կամ պետական սեկտորում աշխատեն, կամ ի՞նչ անեն՝ թողնեն, գնա՞ն երկրից»։

Ֆինանսների նորանշանակ նախարարը նաև հերքեց, որ ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության միավորումը իր անձի հետ է կապված, սակայն ասաց՝ դա պատահական էլ չէ։

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն ասում է.- «Ֆինանսների նախարարությունը կազմում է բյուջեն, ու դա հանձնարարական է Պետեկամուտների կոմիտեի համար։ Նախարարությունը բյուջեում նշում է՝ էս ոլորտից էսքան եմ ակնկալում, էս ոլորտում էսքան արտադրություն կա, ակնկալում եմ էսքան հարկ...ու դա մի տեսակ հանձնարարական է ՊԵԿ-ի համար, ՊԵԿ-ը չի որոշում՝ կհավաքի, թե չի հավաքի, ունի հանձնարարականը և հավաքում է։ Հիմա ինքն իրեն հանձնարարելու է, ինքն իրեն հավաքելու է, ու այստեղ վերահսկողությունից դուրս է, թե ՊԵԿ-ը որտեղից է հավաքելու, ինչպես է հավաքելու, ումից չի հավաքելու»։

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ներկայացնում էր Հայաստանի հարկային ոլորտին վերաբերող մի հետազոտություն, և միջոցառման ժամանակ առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդին խնդրեցինք արձագանքել Ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի միավորմանը:

«Սա մի որոշում է, որը Հայաստանի կառավարությունը պետք է կայացնի և, իհարկե, հանրությունն իրավունք ունի արձագանքելու: Կարող եմ հասկանալ՝ ինչու կարող են լինել որոշակի մտահոգություններ, որովհետև սա կարող է դիտվել որպես իշխանության կենտրոնացում: [Նախկինում] առանձնացում կար Ֆինանսների նախարարության, որը քաղաքականություն մշակող մարմին է, և ՊԵԿ-ի միջև, որը հարկային քաղաքականությունն իրականացնող մարմին է, և բնական է, երբ այս երկու մարմինները ղեկավարվում են երկու անձանց կողմից: Պետք է ուշադիր լինենք, որպեսզի այս երկու գերատեսչությունների ղեկավարումը մի տեղում չկենտրոնանա, սակայն միաժամանակ մի նախարարի կողմից այդ երկու գերատեսչությունները կառավարումը ավելի սերտ համագործակցություն կապահովի նրանց միջև: Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասաց Հիլիարդը։
XS
SM
MD
LG