Մատչելիության հղումներ

ԱՄՀ․ «Մինչև 2015-ի ավարտը տնտեսական աճի տեմպերը Հայաստանում չեն գերազանցի 4․5 տոկոսը»


Գործարան Հայաստանում, արխիվ
Գործարան Հայաստանում, արխիվ

Աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսական կառույցներից մեկի մասնագետների գնահատմամբ՝ տնտեսական աճի տեմպերի նվազումը բնորոշ է տարածաշրջանի գրեթե բոլոր պետություններին:

Մինչև 2015 թվականի ավարտը տնտեսական աճի տեմպերը Հայաստանում չեն գերազանցի 4․5 տոկոսը: Սա են վկայում Արժույթի միջազգային հիմնադրամի երեքշաբթի օրը հրապարակած զեկույցի տվյալները:

Հիմնադրամի մասնագետների կանխատեսմամբ, 2014 թվականին տնտեսական աճի տեմպերը Հայաստանում կկազմեն 4.3 տոկոս` 2013-ի 3.2-ի դիմաց: «2015 թվականին արդեն այդ ցուցանիշը որոշակի աճ կարձանագրի` հասնելով 4.5 տոկոսի», - նշում են զեկույցի հեղինակները:

Հրապարակված այս փաստաթղթում աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսական կառույցներից մեկի ներկայացուցիչները ի մի են բերում Կովկասում և Կենտրոնական Ասիայում տիրող տնտեսական կացությունը:

Հիմնադրամի մասնագետների գնահատմամբ՝ տնտեսական աճի տեմպերի նվազումը բնորոշ է տարածաշրջանի գրեթե բոլոր պետություններին: Հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանում ստեղծված ոչ այնքան բարենպաստ տնտեսական կացությունն է: «Տարածաշրջանային հիմնական ռիսկերը կապված են Ռուսաստանում տնտեսական աճի հեռանկարների վատթարացման հետ, ինչը կարող է ազդել [մյուս երկրների] տնտեսական աճի տեմպի վրա` հատկապես մասնավոր տրանսֆերտների և արտահանման ծավալների անկման առումով», - ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում:

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ ԱՊՀ-ի տարածքում տնտեսական իրավիճակի վատթարացմանը կարող է նպաստել նաև ռուս - ուկրաինական չդադարող հակամարտությունը: Ընդհանուր առմամբ, դատելով հրապարակված զեկույցից, առաջիկայում Ռուսաստանի տնտեսությանը բավական լուրջ փորձություններ են սպասում:

«Զեկույցի նախապատրաստման սկզբնական փուլերում կանխատեսվում էր, որ 2014 թվականին Ռուսաստանում տնտեսական աճի ծավալները կկազմեն 1.3 տոկոս: Զեկույցի նախապատրաստման հետագա փուլերում, սակայն, ռուս - ուկրաինական հակամարտությանը վերաբերող ամենահոռետեսական կանխատեսումները սկսեցին իրականանալ: Այժմ արդեն 2014 թվականին Ռուսաստանում սպասվող տնտեսական աճի տեմպերի մասին կանխատեսումները վերանայվել են` նվազեցվելով մինչև 0.2 տոկոս», - նշում են ԱՄՀ-ի մասնագետները:

Հարավային Կովկասի պետություններում տնտեսական իրավիճակը փոքր-ինչ ավելի նպաստավոր է:

Վրաստանում իրավիճակը բավական կայուն է, առկա են նաև աճի որոշակի միտումներ: 2013 թվականին, օրինակ, այդ երկրում աճի ցուցանիշը 3.2 տոկոս էր կազմում: Հիմնադրամի մասնագետների համոզմամբ, սակայն, արդեն 2014 և 2015 թվականներին այդ ցուցանիշը կկազմի 5 տոկոս:

Ադրբեջանում, հակառակը, տնտեսական աճի տեմպերը նվազում են: «Այս տարի այն կազմելու է 5 տոկոս՝ նախորդ տարվա գրեթե 6 տոկոսի դիմաց: 2015 թվականին արդեն տնտեսական աճի ցուցանիշն Ադրբեջանում կրկին նվազելու է` հասնելով 4.6 տոկոսի», - գրում են ԱՄՀ-ի մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG