Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ակնկալվում են նոր բախումներ, զոհերի թիվը հասել է 50-ի


Ուկրաինա -- Միացյալ Ուկրաինայի աջակիցների բախումը ռուսամետ անջատողականների հետ, Օդեսա, 2-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինա -- Միացյալ Ուկրաինայի աջակիցների բախումը ռուսամետ անջատողականների հետ, Օդեսա, 2-ը մայիսի, 2014թ․
Արևելյան Ուկրաինայում ակնկալվում են նոր բախումներ մինչ իշխանությունները շարունակում են իրենց «հակաահաբեկչական» օպերացիան ռուսամետ անջատողականների դեմ, որոնք գրավել են մի շարք վարչական շենքեր արևելյան քաղաքներում:

Մայիսի 3-ին կրկին բախումներ են տեղի ունեցել Սլավյանսկի մատույցներում: Քաղաքը շարունակում է շրջափակված մնալ կառավարական ուժերով:

Սլավյանսկից ոչ հեռու՝ Կրամատորսկում կառավարական զորքերը շաբաթ օրը գրավել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող ԱԱԾ շենքը և հեռուստաաշտարակը, իսկ Լուհանսկում էլ ռուսամետ անջատողականներն են ակտիվ գործողություններ ծավալել՝ գրավելով տեղի զինվորական հավաքակայանը:

Դոնեցկում անջատողականները գրավել են ԱԱԾ տարածաշրջանային կառույցի գրասենյակը:

Կրակահերթեր են հնչել Մարիուպոլ և Կոնստյանտինիվկա քաղաքներում:
Ուկրաինա - Հրդեհ Արհմիությունների շենքում, Օդեսա, 3-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինա - Հրդեհ Արհմիությունների շենքում, Օդեսա, 3-ը մայիսի, 2014թ․
​Անցած երկու օրերի ընթացքում Ուկրաինայում 50 մարդ է զոհվել: Նրանց մեծ մասը զոհվել է Օդեսայում, որտեղ «Մոլոտովի կոկտեյլների» օգնությամբ հրի է մատնվել Արհմիությունների շենքը և Կիևի իշխանությունների աջակիցների հետ փողոցային բախումներից պատսպարված տասնյակ ռուսամետ անջատողականներ այրվել են, խեղդվել ծխից կամ զոհվել՝ փորձելով դուրս նետվել լուսամուտներից:

Ուկրաինան նման արյունահեղություն չէր տեսել փետրվարից ի վեր, երբ Կիևում 80 մարդկային կյանքեր խլած բախումները հանգեցրին երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի արտաքսմանը:

Մինչ միացյալ Ուկրաինայի և ռուսամետ անջատողականների միջև պայքարը ավելի ու ավելի է նմանվում քաղաքացիական պատերազմի, երկիրը պատրաստվում է ընտրությունների՝ Յանուկովիչի արտաքսումից հետո նախագահի թափուր մնացած պաշտոնի համար:

Արտաքսված Յանուկովիչին ապաստան տրամադրած և անջատողականներին աջակցող Մոսկվան հայտարարել է, որ նման իրավիճակում մայիսի 25-ին նախագահական ընտրությունների անցկացումը «աբսուրդ» է:
Շվեյցարիա – ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին (ձախից) զրուցում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ուկրաինայի հարցով Ժնևում անցկացվող բանակցությունների շրջանակներում, 17-ը ապրիլի, 2014թ.
Շվեյցարիա – ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին (ձախից) զրուցում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ուկրաինայի հարցով Ժնևում անցկացվող բանակցությունների շրջանակներում, 17-ը ապրիլի, 2014թ.
Իր հերթին՝ Կիևի իշխանություններին աջակցող Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Մոսկվան շարունակի աջակցել անջատողականներին:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է՝ Եվրամիությունը «առավելագույն զգոնության կոչ է անում և հորդորում է բոլորին զերծ մնալ այս [Օդեսայի] ողբերգությունը ատելության, բաժանման և անիմաստ բռնությունների քարոզման նպատակով շահագործելուց»:

Էշթոնը նաև կոչ է արել հրդեհի հանգամանքների «անկախ քննություն» իրականացնել:
XS
SM
MD
LG