Մատչելիության հղումներ

Օդեսայում հրդեհին զոհ է գնացել 30 մարդ


Ուկրաինա - Հրդեհ Արհմիությունների շենքում, Օդեսա, 3-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինա - Հրդեհ Արհմիությունների շենքում, Օդեսա, 3-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինայի նավահանգստային Օդեսա քաղաքում շուրջ 30 մարդ է մահացել Արհմիության շենքում բռնկված հրդեհի պատճառով:

Առայժմ պարզ չէ, թե ինչից է ծագել հրդեհը: Որոշ հաղորդագրությունների համաձայն, Օդեսայի Արհմիությունների շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետվել, ինչը և դարձել է հրդեհի պատճառ:

Շենքում գտնվողները ենթադրաբար ռուսամետ ակտիվիստներ են եղել:

Երեկ ողջ օրը Օդեսայի տարբեր շրջաններում բախումներ են տեղի ունեցել ռուսամետների և Ուկրաինայի իշխանություններին հավատարիմ ուժերի միջև, որոնց արդյունքում առնվազն երեք մարդ զոհվել է, շուրջ 50-ը՝ վիրավորվել:

Բախումները շարունակվում են նաև արևելյան Սլովյանսկ քաղաքում: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ առնվազն երկու զինվոր է զոհվել ուկրաինական բանակի զինծառայողների վերահսկողության տակ գտնվող անցակետի վրա ռուսամետ զինյալների հարձակման հետևանքով:

Նախօրեին Կիևի իշխանությունները ռազմական օպերացիա էին սկսել Սլովյանսկում պետական մի շարք շինություններ իրենց վերահսկողության տակ վերցրած ռուսամետ ակտիվիստների դեմ: Վերջիններիս հաջողվել էր ուկրաինական զինված ուժերի երկու ուղղաթիռ խփել:

Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ անջատողականների դեմ իրենց նախաձեռնած իրենց այս առաջին նշանակալից հարձակման արդյունքում «բազմաթիվ» ապստամբներ սպանվել և վիրավորվել են:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեկսանդր Տուրչինովը հայտարարել է, թե ապստամբները «մարդկային վահան» են օգտագործել, ինչը հավելյալ բարդություններ է ստեղծել իշխանական զորքերի համար և դանդաղեցրել օպերացիայի ընթացքը:

Ուկրաինայի ապստամբներին աջակցող Կրեմլը, մինչդեռ, հայտարարել է, թե Կիևի ռազմական օպերացիան «ի չիք է դարձրել» լարվածությունը թուլացնելու ուղղությամբ երկու շաբաթ առաջ Ժնևում ձեռք բերված համաձայնությունների արդյունքները:

Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սպառնացել են Ռուսաստանի դեմ նոր՝ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել, եթե Մոսկվան իր քայքայիչ վարքագծից չհրաժարվի:
XS
SM
MD
LG