Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարում են Գալուստ Սահակյանն ու Հրանտ Բագրատյանը


ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ են իշխանության և ընդդիմության թեկնածուները
please wait

No media source currently available

0:00 0:06:34 0:00
Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար պայքարում է մեկ իշխանական և մեկ ընդդիմադիր թեկնածու:

Իշխող Հանրապետականն այդ պաշտոնում այսօր միաձայն առաջադրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից ինքնաառաջադրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Ժառանգություն» խմբակցությունը առաջադրել էր խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը, ով սակայն իր եզրափակիչ ելույթում ինքնաբացարկ հայտարարեց։

«Ես հանում եմ իմ թեկնածությունը։ Կարծեք թե իմ խոսքի սկզբից էլ հասկանալի էր, որ սա այստեղ հաղթելու խնդիր չէ։ Հանում եմ իմ թեկնածությունը նախ և առաջ քաղաքական քարտեզը նկատի ունենալով, բայց թեկնածությունս հանելով նաև ուզում եմ, նպաստել, որ չորս քաղաքական ուժերը խնդիրներ չունենան այս արհեստական հարցում, և միատեսակ դիրքորոշումը կնպաստի, որ վաղը ավելի մեծացնենք մեր քաղաքական օրակարգը, որը, վստահ եմ, բերելու է համակարգային և ամբողջական իշխանափոխության»,- հայտարարեց Հակոբյանը։

Մինչ այդ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն առաջադրված թեկնածուները այսօր ելույթ ունեցան՝ ներկայացնելով, թե ինչ են պատրաստվում անել խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում:

Հանրապետականի թեկնածու Գալուստ Սահակյանը, ով ըստ նախագահ Սերժ Սարգսյանի, կարող է օգուտ բերել երկրին, իր ելույթում ընդգծեց, թե ինքը մարդկանց մեջ միայն լավն է տեսնում, բայց և հակադարձում է, երբ վիրավորում են որևէ անձին:

«Ակնհայտ է, որ միշտ փորձում եմ հակադարձել, նաև մեղմացնել վեճն ու բանավեճը, թեպետ դա էլ ցավ պատճառում ինձ։ Ես մարդկանց մեջ միշտ լավն եմ տեսնում, վատ մարդիկ չկան, կան վատ հարաբերություններ։ Ինձ համար օտարոտի է հարաբերություններում խոցելի մոտեցումները, երբեմն թշնամանքն ու բանսարկությունը»,- ասաց Սահակյանը։

Այնուհետև Գալուստ Սահակյանին հարցեր տալու հնարավորություն ընձեռնվեց։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովի նախագահի թեկնածուին նախ հիշեցրեց, որ Սահմանադրությունը արգելում է պատգամավորներին զբաղվել բիզնեսով, մինչդեռ եղել են հրապարակումներ այն մասին, որ Սահակյանը բիզնես ունի, մասնավորապես, խոսվել է երթուղային գծերի մասին:

«Ինչ վերաբերում է իմ գծերին, այո, ես գիծ ունեմ, բայց քաղաքական։ Եվ Աստված Ձեր ձայնը լսեր, որ ունենայի նաև բիզնես և բաժնետեր լինեի։ Նույնը կցանկանայի ձեզ բոլորիդ և ամբողջ ժողովրդին։ Ես որևէ բիզնեսից չեմ օգտվում, առավել ևս շատ անհարմար վիճակում եմ ինձ գտնում, որովհետև դրանից բան էլ չեմ հասկանում»,- պատասխանեց Սահակյանը։

Զուրաբյանը նկատեց, որ եթե Սահակյանն այդքան օրինապաշտ է, գո՞ւցե ուսումնասիրություններ կատարվեն հրապարակված փաստերի վերաբերյալ և վերջնականապես պարզեն, թե ո՞ր պատգամավորներն են իրականում բիզնեսով զբաղվում:

«Ձեր առաջարկը ընդունում եմ, ես կփորձեմ իմ համեստ միջոցներով նորից մեկ անգամ պեղել, թե խոսքը որ պատգամավորին է վերաբերում, ով և բիզնեսով է անմիջականորեն զբաղվում, և նաև պատգամավորի մանդատ է կրում»,- խոստացավ Սահակյանը։

Այնուհետև ծրագրային ելույթով հանդես եկավ նաև ինքնաառաջադրված ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նախ ներկայացրեց ինքն իրեն.- «Գիտությունների դոկտոր եմ, տիրապետում եմ հինգ լեզուների՝ մաքուր, գրել, կարդալ, ազատ արտահայտվել»։

Ապա Բագրատյանը ներկայացրեց իր ծրագիրը՝ պնդելով, որ Ազգային ժողովը պետք է ենթարկվի բարեփոխումների։ Նրա փոխանցմամբ՝ այսօր Ազգային ժողովում հնարավոր չէ որևէ օրինագծի անցկացնել, քանի որ մեծամասնությունը միանգամից մերժում է այն:

«Այստեղ կարելի է միայն պարտվել՝ 1։0, 2։0, 3։0, 4։0, 5։0։ Երբեք չի կարող լինել 5։2, 5։1, երբեք հնարավոր չէ մի բան անցկացնել։ Եթե ես տեսնում եմ որևէ վերահսկող հանձնաժողով, ասենք, օրինակ, գազինն էր, արագաչափերինն էր, ապա միանշանակ այդ հանձնաժողովների նախագահները և հանձնաժողովի կեսը պետք է լինի ընդդիմություն»,- ասաց Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանից հետո ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա էլ հայտարարեց՝ իր ընտրվելու դեպքում առաջին օրենքը, որ կգա Ազգային ժողով, ընդդիմության մասին օրենքն է լինելու: Ընդդիմությունը պետք է կարողանա վերահսկել, թե ինչ է կատարվում բյուջեի հետ: Ռուբեն Հակոբյանը նաև խոսեց բիզնեսի և խորհրդարանի սերտաճման մասին: Նա ընդգծեց, որ բիզնեսմենը ստիպված է մտնում խորհրդարան, քանի որ օրենքները այսօր չեն պաշտպանում նրանց:

Ամենայն հավանականությամբ վաղը փակ գաղտնի քվեարկությամբ կկայանա Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի արդյունքները, սակայն, Դաշնակցությունը կանխորոշված է համարում: Այդ պատճառով ՀՅԴ-ն, հարգանքով վերաբերվելով բոլոր թեկնածուներին, հայտարարում է, որ բոյկոտելու է ընտրությունները և դրանց չի մասնակցելու:

«Գալուստ Սահակյանը մեզ համար կանխատեսելի անձնավորություն է։ Ինչ-ինչ՝ ունի լավ հատկանիշ, որ կարողանում է լեզու գտնել, ինչ-որ կոմպրոմիսների գալ, որը կարևոր հատկանիշ է»,- փոխանցեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

ՀԱԿ-ը նույնպես կբոյկոտի ընտրությունները, ինչպես Լևոն Զուրաբյանը հայտարարեց, իրենք «պսևդոընտրություններին չեն մասնակցում»։

«Մենք համարում ենք, որ Ազգային ժողովի կազմը չի արտահայտում ժողովրդի իրական կամքը։ Երկրորդ՝ մենք հարյուր անգամ տեսել ենք, թե ինչպես են կեղծվել այդ ընտրությունները անգամ Ազգային ժողովում»,- ասաց Զուրաբյանը։

Վերջերս ընդդիմության շարքերն անցած «Օրինաց երկիրն» ու այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան»-ը դեռևս չեն կողմնորոշվել և Ազգային ժողովի նախագահի ընտրություններին մասնակցելու հարցը ևս մեկ անգամ կքննարկեն վաղը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան ասաց, թե քառյակը Ազգային ժողովի նախագահի միասնական թեկնածուով հանդես գալու հարց չի քննարկել, տեղյակ էին, որ «Ժառանգություն»-ը հնարավոր է առաջադրի իր թեկնածուին, բայց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը անակնկալ է եղել: Եվ քանի որ ստեղծվել է նոր իրավիճակ, Զոհրաբյանի փոխանցմամբ իրենք վաղը այս հարցը ևս մեկ անգամ կքննարկեն:

«Մենք բոլորս էլ անկեղծորեն հասկանում ենք, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները այստեղ չէ, որ լուծվում են, և Ազգային ժողովի նախագահի ընտրությամբ չէ, որ լուծվում են։ Գիտենք՝ պրոբլեմները որտեղ են»,- ասաց ԲՀԿ-ի ներկայացուցիչը։
XS
SM
MD
LG