Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահի թեկնածության շուրջ ոչ իշխանական ուժերի մոտեցումը միանշանակ չէ


Ազգային ժողովի նախագահի թեկնածության շուրջ ոչ իշխանական ուժերի մոտեցումը միանշանակ չէ։ Առայժմ հստակ է միայն Դաշնակցություն և Հայ ազգային կոնգրեսի մոտեցումը, որոնք բոյկոտելու են Գալուստ Սահակյանի ընտրությունը ԱԺ նախագահի պաշտոնում։

Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում շաբաթ օրը իշխող Հանրապետականն առաջադրեց կուսակցության փոխնախագահ, խորհրդարանում ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

Այսօր Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ թեև Գալուստ Սահակյանը մեծ փորձ ունեցող և իրենց համար կանխատեսելի անձնավորություն է, նրա հետ վաղուց են աշխատում, կարողանում է լեզու գտնել, փոխզիջումների գնալ, բայց իրենք չեն մասնակցելու Ազգային ժողովի նախագահի ընտրությանը, բոյկոտելու են այն, քանի որ «իրենց մասնակցությունը ձևական է և ընտրությունների արդյունքն արդեն կանխորոշված է»։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նույնպես նշեց, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությանը չմասնակցելու որոշում են կայացրել։ Ինչպես ասաց Զուրաբյանը, իրենք չեն ցանկանում մասնակցել «պսևդոընտրություններին»։

Հարցին, թե ինչո՞ւ չեն մասնակցում և դեմ քվեարկում՝ արտահայտելով իրենց դիրքորոշումը ԱԺ նախագահի ընտրության առնչությամբ, Զուրաբյանը պատասխանեց, որ նախ ԱԺ-ի կազմը չի արտահայտում ժողովրդի կամքը, և իրենք բազմիցս են տեսել, թե ինչպես են ընտրությունների արդյունքները կեղծվում հենց խորհրդարանի ներսում։

Առայժմ անհայտ է, թե ինչպես է քվեարկելու ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը։ Քիչ առաջ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այդ հարցը դեռ պետք է քննարկել։ Չի բացառվում, որ «Ժառանգությունը» մեկ այլ՝ ընդդիմադիր թեկնածու առաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում։ Դրա հնարավորությունը չբացառեց ինչպես Ռուբեն Հակոբյանը, այնպես էլ խմբակցության անդամ Թևան Պողոսյանը։

Անհայտ է նաև այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան»-ի մոտեցումը։ Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԱԺ նախագահի ընտրության հարցը ԲՀԿ-ի «թոփ տասնյակում չէ, որ իրենք այդ հարցը քննարկեն»։

Զոհրաբյանի փոխանցմամբ՝ իրենց դիրքորոշումը հայտնի կդառնա քննարկումից հետո։ ԲՀԿ-ում այս հարցի շուրջ տարբեր մոտեցումներ կան։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց, որ մասնակցելու է ընտրությանը, սակայն չմանրամասնեց, թե ինչպես է մասնակցելու։
XS
SM
MD
LG