Մատչելիության հղումներ

Նախագահի համոզմամբ՝ Գալուստ Սահակյանը կարող է օգուտ բերել ԱԺ-ին, երկրին ու ՀՀԿ-ին


Սերժ Սարգսյանը վստահ է, որ Գալուստ Սահակյանը «օգուտ կբերի» երկրին
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

«Երբեք իմ պատճառով որևէ մեկդ չեք ամաչի», - կուսակիցներին խոստանում է Սահակյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, Գալուստ Սահակյանը կարող է օգուտ բերել Ազգային ժողովին՝ ստանձնելով խորհրդարանի խոսնակի պաշտոնը:

Շաբաթ օրը ելույթ ունենալով իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում, նախագահը գովեստի խոսքեր հնչեցրեց Սահակյանի հասցեին՝ ներկայացնելով նրա թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում:

«Մենք [Հանրապետական կուսակցության] գործադիր մարմնում որոշեցինք, որպեսզի Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրենք Գալուստ Սահակյանին, և համարում եմ, որ դա ճիշտ որոշում է, արդարացի որոշում է: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Գալուստ Սահակյանը մեր կուսակցության հնագույն անդամներից է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գալուստ Սահակյանը խորհրդարանական աշխատանքի փորձ ունի, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տևական ժամանակ ղեկավարում է Ազգային ժողովում մեր խմբակցությունը, ես վստահ եմ, որ Գալուստ Սահակյանը կարող է լինել Ազգային ժողովի նախագահ և օգուտ բերել և՛ Ազգային ժողովին, և՛ մեր երկրին ու նաև մեր կուսակցությանը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Գալուստ Սահակյանը 66 տարեկան է, մասնագիտությամբ՝ բանասեր, Երևանի պետական համալսարանն է ավարտել: Աշխատանքային կարիերան սկսել է 1970-ականներին՝ որպես փականագործ Երևանի մետաքսի կոմբինատում, հետո աշխատել է երևանյան տարբեր դպրոցներում՝ որպես ուսուցիչ, փոխտնօրեն ու տնօրեն: 90-ականների սկզբներին Գալուստ Սահակյանը Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ է եղել, 95 թվականից մինչև օրս անընդմեջ ընտրվում է պատգամավոր՝ «Հանրապետություն», «Միասնություն», Հանրապետական խմբակցությունների կազմում, այժմ գլխավորում է իշխող Հանրապետական խմբակցությունը:

Սահակյանի որդիներից մեկը զբաղեցնում է Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունը, իսկ մյուսը առողջապահության փոխնախարարն է:

Շաբաթ օրը ելույթ ունենալով կուսակիցների առջև՝ Գալուստ Սահակյանը խոստացավ՝ «իմ պատճառով չեք ամաչի»:

«Նախ և առաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ հանրապետության նախագահից՝ վստահության համար, և նաև շնորհակալ եմ բոլորիցդ՝ սատարման համար: Կարծում եմ՝ սա լուրջ, պատասխանատու պաշտոն է, և գիտակցում եմ, որ պիտի կարողանամ իմ գործընկերների հետ համատեղ այն վստահությունը, որը տրվում է ինձ, մինչև վերջ ապացուցելի դարձնել: Վստահաբար ասում եմ, որ երբեք իմ պատճառով որևէ մեկդ չեք ամաչի», - հայտարարեց Սահակյանը:

Իշխանությունները մտադիր են այսօր մեկնարկող քառօրյային անցկացնել Ազգային ժողովի նախագահի ընտրությունները:

Խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅ Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը հայտարարել են, որ խորհրդարանի խոսնակի պաշտոնում թեկնածու չեն առաջադրելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG