Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն Գալուստ Սահակյանին առաջադրում է ԱԺ խոսնակի պաշտոնում


ՀՀԿ-ն ԱԺ խոսնակի պաշտոնում առաջադրում է Գալուստ Սահակյանին
please wait

No media source currently available

0:00 0:10:32 0:00

ՀՀԿ-ն ԱԺ խոսնակի պաշտոնում առաջադրում է Գալուստ Սահակյանին

Սերժ Սարգսյանի առաջարկով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իշխող Հանրապետականն առաջադրում է կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանին:

Սերժ Սարգսյանի առաջարկով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իշխող Հանրապետականն առաջադրում է կուսակցության փոխնախագահ, խորհրդարանում ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

Նախագահի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի, ապա կուսակցության ընդլայնված կազմով խորհրդի նիստերից հետո այս մասին հայտարարեց Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը․ - «Բոլորս համոզմունք հայտնեցինք, որ պարոն Սահակյանը իր փորձով, իր գիտելիքներով, պառլամենտական աշխատանքի իմաստությամբ լավագույնս կարող է ղեկավարել Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը»:

Շարմազանովի փոխանցմամբ՝ Գալուստ Սահակյանն ամենայն պատասխանատվությամբ է համաձայնել ստանձնել այս պաշտոնը: Որևէ այլ թեկնածություն Հանրապետականում չեն քննարկել:

Ավելի վաղ շրջանառվում էր ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի անունը, նա, սակայն, հայտարարել էր, թե այլ ծրագրեր ունի:

Իշխող կուսակցությունն այսօր չի քննարկվել նաև, թե խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում ով է փոխարինելու Գալուստ Սահակյանին:

Փոխարենը այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովից կառավարություն գործուղված Դավիթ Հարությունյանի փոխարեն խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովը կգլխավորի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, իսկ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոնը կստանձնի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, քանի որ Դավիթ Հարությունյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար:

Կառավարությունում նոր նշանակումների մասին Հանրապետականի խոսնակը տեղեկություններ չհայտնեց:

Գործադիրի ձևավորման վերջնաժամկետը մայիսի 3-ն է․ Էդուարդ Շարմազանովը, սակայն, ըստ էության, հաստատեց, որ նոր կառավարությունը Հանրապետականը միայնակ կձևավորի, բայց՝ «դեռ որևէ քաղաքական ուժի առջև դռներ չեն փակել»:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու հանկարծ Հանրապետականը փոխեց դիրքորոշումը կուտակայինի հարցում այն դեպքում, երբ մերժում էին արտահերթ նիստ անցակցնելու ընդդիմադիրների նախաձեռնությունները, Շարմազանովն ասաց, թե Հովիկ Աբրահամյանը կուսակիցների հետ քննարկելուց հետո է քայլեր ձեռնարկում, իսկ ինքն այն կարծիքին չէ, որ զիջումները «Դեմ եմ» շարժման ճնշման արդյունքում էին:

Դիտարկմանը, թե նոր նախարարները Ռոբերտ Քոչարյանի կադրերն են՝ Հանրապետականի խոսնակը հակադարձեց, թե զարմանալու բան չկա․ - «Քոչարյանի հիմնական հենարանը եղել է Հանրապետական կուսակցությունը»:

Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե ինչպես է Հանրապետականն արձագանքում երկրորդ նախագահի սուր քննադատությանը ուղղված Սահմանադրությունը բարեփոխելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը:

«Դա պարոն Քոչարյանի կարծիքն է: Մենք հարգանքով ենք վերաբերվում պարոն Քոչարյանի, պարոն Տեր-Պետրոսյանի և այլ պարոնների կարծիքներին, բայց մենք ունենք մեր կարծիքը: Եվ մենք գտնում ենք, որ եթե խոսում ենք համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, ապա համակարգային փոփոխություններ առանց սահմանադրական բարեփոխումների հնարավոր չէ: Եվ գոնե ինձ համար բավականին զարմանալի են այն քաղաքական ուժերի հայտարարությունները, որ նախագահական ընտրություններից առաջ կուրծք էին ծեծում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու համար, իսկ այսօր ասում են, որ դրա անհրաժեշտությունը չկա», - պատասխանեց Շարմազանովը:

Հիշեցմանը, որ Ռոբերտ Քոչարյանը ափսոսանք էր հայտնել, թե Սերժ Սարգսյանը չի տարբերում երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց, ՀՀԿ֊ի խոսնակն արձագանքեց» - «Սերժ Սարգսյանը իր քաղաքական իմաստությամբ ապացուցել է, որ ինքը քաղաքական պրոցեսներում և քաղաքական գնահատականներում դժվար է շփոթվում և գրեթե երբեք չի շփոթվում»:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր դարձյալ չէր մասնակցում կուսակցության նիստին: Իշխանությունները դեռ չեն հստակեցնում, թե դիվանագիտական կոնկրետ ինչ պաշտոն է ստանձնելու Տիգրան Սարգսյանը:

Հայտնի չէ նաև, թե ով կփոխարինի Արթուր Բաղդասարային ԱԱԽ քարտուղարի պաշտոնում:
XS
SM
MD
LG