Մատչելիության հղումներ

Սվազլյանը վստահ է, որ իր հավաքած վկայությունները «իրավաբանական արժեք ներկայացնող ցուցմունք» է


Պատմաբան, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն․ ականատես վկայություններ» մեծածավալ աշխատությունը, որը հրատակվել է հայերեն, անգլերեն ու թուրքերեն, ըստ հեղինակի, «իրավաբանական արժեք ներկայացնող ցուցմունք է»:

80-ամյա հեղինակի 55 տարվա աշխատանքի արդյունքն է այս գիրքը, որը, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց Սվազլյանը, Հայոց ցեղասպանությանը նվիրված այլ աշխատությունների հետ միասին «ևս մեկ քայլ է՝ ստիպելու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

«Օրերս լույս է տեսել [Հայաստանի գիտությունների ազգային] Ակադեմիայի պատմության ինստիտուտի աշխատակից Արմեն Մարուքյանի գիրքը: Նա ցեղասպանության բաժնի վարիչն է: Եվ նա առաջին անգամ, փաստորեն, մեր հարցը իրավաբանական տեսակետից է վերլուծում: Դա լավ է, որովհետև պատմաբանները, բոլորը, ինչպես ես 55 տարիների ընթացքում աշխատեցինք, արեցինք, բայց հիմա մի նոր մակարդակ է պետք․․․ Այդ բոլորը [դիտարկել] արդեն իրավաբանական տեսակետից, որպեսզի իմ «Վերապրողների» ամեն մեկի ցուցմունքը դառնա իսկական իրավաբանական արժեք ներկայացնող ցուցմունք դատարանում: Չէ՞ որ դատարանում հանցագործությունը քննելու, բացահայտելու ժամանակ դիմում են վկաների ցուցմունքներին: Այնպես էլ այս դեպքում պետք է հիմնվել ականատես վերապրողների վկայությունների վրա: Եվ 700 միավոր այդ նյութերը կան, հրատարակվել են հայերեն, անգլերեն, թուրքերեն, որոնք կարող են բարձրախոսել, բարձրաձայնել, աշխարհին ներկայացնել այն, ինչ իրենք իրենց մաշկի վրա զգացել են: Հիմա, իհարկե, չկան, նրանցից ոչ մեկը չի մնացել, բայց չէ՞ որ նրանց խոսքը արձանագրված է և տեսագրված է», - նշեց նա:

Սվազլյանի այս աշխատությունը, որտեղ ամփոփված են ոչ ականատեսների միայն հուշերը, այլև նրանց լուսանկարները, կենսագրությունները, գաղթի ճանապարհին ստեղծված երգերը՝ բառերով և նոտագրությամբ, ինչպես նաև Ցեղասպանության թեմայով նրա մյուս հոդվածները, անցած տարի թուրքերեն հրատարակվել են Թուրքիայում՝ հայտնի թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի ջանքերով:

Անցած տարի Զարաքոլուն անձամբ էր գիրքը բերել Հայաստան ու ներկայացրել Ազգային գրադարանում:

«Մեկ օրով էր եկել ինքը: Հիմա գնաց, Շվեդիայում է, փախստականի վիճակում է: Ինքը որ բերեց, դրանից հետո՝ հաջորդ օրը, ինձ հրավիրեց Նվեր Մնացականյանը [Հանրային հեռուստաընկերության մեկնաբան] և խոսքի մեջ ասաց, թե լավ կլինի, որ վաղը եկող Դավութօղլուին տանք գիրքը: Եվ ես հասցրեցի նրանց արտաքին գործոց նախարարին հանձնել այդ գիրքը․ [Հայաստանի] արտաքին գործոց նախարարության աշխատողների միջոցով ես կարողացա իրեն հասցնել․․․ Եվ մի քանի օր հետո ինքը ելույթ էր ունեցել և ասել է՝ այս հայկական ցեղասպանության կնճիռը կարող է բացահայտվել միայն արդար պատմական հիշողության միջոցով»:

«Երբ որ կարողանան նրանք ճշմարտությունը բարձրակոչել, բարձրաձայնել, այն ժամանակ էլ ամեն ինչ ջրի երես դուրս կգա», - «Ազատության» հետ զրույցը եզրափակեց Վերժինե Սվազլյանը:
XS
SM
MD
LG