Մատչելիության հղումներ

Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևին


Այսօր Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ նախատեսող բանաձևին։

ԵԽԽՎ-ում Հայաստանը չորս ձայն ունի, քվեարկությանը մասնակցել են Դավիթ Հարությունյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը, Արփինե Հովհաննիսյանը։ Չորսն էլ դեմ են քվեարկել։

Մեկնաբանելով Հայաստանի պատվիրակության քվեարկությունը` «Ազատության» հետ հեռախոսազրույցում պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ասաց, որ հիմնական փաստարկը ներկայացրել է նաև իր ելույթում՝ նշելով, որ Վեհաժողովը սկսել է փաստերի ետևից ընդամենը արձագանքներ տալ՝ բացարձակապես չգիտակցելով արդի խնդիրները:
​«Մեր կարծիքով՝ իրավիճակը շատ հեռու է հանգուցալուծումից, ավելին՝ այս պահին կա լուրջ վտանգ իրավիճակի հետագա էսկալացիայի, և մեր խորին համոզմամբ՝ Վեհաժողովի ուշադրության հիմնական կենտրոնը պետք է ուղղված լիներ իրավիճակը գիտակցելուն և հետագա էսկալացիան կանխելուն։ Մեր պատվիրակության տպավորությունն այն է, որ Վեհաժողովը չի գիտակցում իր բուն դերակատարությունը և որոշակի աշխարհաքաղաքական գործոնների զոհ է դարձել»,- ասաց Հարությունյանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք Ռուսաստանի պատվիրակությունը չի խնդրել, հորդորել Հայաստանի պատվիրակությանը կանգնել Մոսկվայի կողքին՝ նկատի ունենալով հայ-ռուսական ջերմ հարաբերությունները, Հարությունյանը պատասխանեց, թե յուրաքանչյուր երկիր ունի իր առաջնահերթ խնդիրները։

«Եթե խոսք է գնում, որ տարածքային ամբողջականության խնդիրը պետք է գերակայի կամ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է պայմանավորված լինի կենտրոնական իշխանությունների համաձայնությամբ, ապա այս հարցում անկախ նրանից Ռուսաստանի հետ բարեկամական են հարաբերությունները, թե՝ ոչ, մեր դիրքորոշումը շատ հստակ է, և այն բխում է մեր ազգային, մեր պետական շահերից»,- ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը։

ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևին կողմ է քվեարկել 145 պատգամավոր, դեմ՝ 21-ը, ձեռնապահ՝ 22-ը։ Ընդունված բանաձևով մինչև 2014 թվականի տարեվերջը Ռուսաստանի պատվիրակությունը զրկվում է ձայնի իրավունքից:

Բանաձևը սահմանափակում է նաև Ռուսաստանի մասնակցությունը ԵԽԽՎ-ի տարբեր կառույցներում: Մասնավորապես, Ռուսաստանի պատվիրակության անդամները մինչև տարեվերջ չեն կարող մասնակցել Վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին, ԵԽԽՎ-ի նախագահական կոմիտեի և մշտական հանձնաժողովների աշխատանքներին, ինչպես նաև չեն ընդգրկվի դիտորդական առաքելությունների կազմում:

ԵԽԽՎ-ն նաև մի լրացում է ընդունել, ուր նշված է, որ Վեհաժողովը կարող է չեղյալ համարել Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները, եթե Մոսկվան շարունակի իրավիճակի սրումը և Ղրիմի բռնակցումը:
Նախագիծը ներկայացրած Մայքլ Յենսենը այսօրվա նիստում խոսեց նաև ապագա պատժամիջոցների հնարավորության մասին։

«Ռուսաստանը գտնվում է նոր պատժամիջոցներ ստանալու սահմանագծին: Եթե Ռուսաստանը դուրս չգա Ուկրաինայից, չթուլացնի իրավիճակի լարվածությունը, ապա մենք պետք է պատրաստ լինենք քննարկելու Ռուսաստանի պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարցը»,- ասաց Յենսենը։

Ռուսաստանի պատվիրակությունը բոյկոտել էր լիագումար նիստի քննարկումները: Պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը ասել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը ի նշան բողոքի դադարեցնում է իր մասնակցությունը ապրիլյան նստաշրջանին։ Նա նաև հավելել է, թե Ռուսաստանը կուսումնասիրի ապագայում ԵԽԽԽՎ-ում իր մասնակցության հարցը:
XS
SM
MD
LG