Մատչելիության հղումներ

Վարչապետի անունը ամենայն հավանականությամբ պարզ կդառնա այսօր երեկոյան


Վարչապետի անունը ամենայն հավանականությամբ պարզ կդառնա այսօր երեկոյան
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00

Վարչապետի անունը ամենայն հավանականությամբ պարզ կդառնա այսօր երեկոյան

Այսօր երեկոյան նախատեսված Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո ամենայն հավանականությամբ պարզ կդառնա Հայաստանի նոր վարչապետի անունը, «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովում իշխող խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Վարչապետի պաշտոնը թափուր է արդեն 7 օր: Նոր վարչապետի նշանակման համար Սահմանադրությամբ տասնօրյա ժամկետ է նախատեսված:

Գալուստ Սահակյանն ասում է՝ վարչապետը հանրապետական պիտի լինի: Մեր հարցին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ինչքանո՞վ է հավանական, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց․ - «Ես կարծում եմ՝ հավանական է»:

Մեր ճշտող հարցին՝ «ամենահավանակա՞նն է», Գալուստ Սահակյանն արձագանքեց՝ «այո»:

Նոր կառավարությունը կոալիցիոն է լինելու, ձևավորելու են Հանրապետականն ու «Օրինաց երկիրը», նշեց ՀՀԿ փոխնախագահը: Հանրապետականը բաց է նաև ոչ իշխանական ուժերի առաջարկները լսելու համար, բայց դա պետք չէ հրավերքի հետ շփոթել, հստակեցրեց Սահակյանը:

«Մենք որևէ մեկին չենք հրավիրել, կոալիցիոն է այսօր էլ՝ խորհրդարանն էլ է կոալիցիոն, կառավարությունն էլ է կոալիցիոն: Պարզապես ընդդիմադիր դաշտը նենգափոխում էին, թե իբրև թե մենք հրավիրում ենք, որպեսզի բանակցեն կամ ինչ-որ բաներ, բայց հիմնականում դա օրենքի պահանջ է և նախագահը, իր լիազորությունների շրջանակում, հրավիրեց բոլոր քաղաքական ուժերին, բայց ընդհանուր առմամբ, մենք միշտ էլ որպես սկզբունք ներկայացրել ենք հասարակությանը, որ շատ ցանկալի է, որ հիմնական քաղաքական ուժերը մասնակից դառնան երկրի կառավարման գործընթացներին», - նշեց նա:

Սահմանադրության համաձայն, նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորական խմբակցությունների հետ հիման վրա: Այդպիսի հրավերքներ խորհրդարանական բոլոր ուժերը ստացել են: Ոչ իշխանական քառյակից երկուսը՝ Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» որոշում են կայացրել մասնակցել նախագահի հրավիրած խորհրդակցությանը, երկուսը՝ Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգությունը»՝ ոչ: Այդ հանդիպումները ժամը 16:00-ից հետո են նախատեսված:

«Բարգավաճ Հայաստանի» տարածած հայտարարությունում ասված էր, որ նախագահի հետ կհանդիպեն Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, սակայն հիմնական մուտքից միայն Օսկանյանն ու Մարգարյանը մուտք գործեցին Նախագահի նստավայր: Ենթադրվում է, որ Ծառուկյանը հետնամուտքից էր մտել:

ԲԿՀ ներկայացուցիչները խոստացան իրենց տեսակետների մասին բանակցություններից հետո խոսել, սակայն նստավայրից հեռացան արդեն հետնամուտքով:

Այսօր ավելի վաղ տարածված ԲՀԿ-ի հայտարարության մեջ ասվում է․ - «Կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը «Բարգավաճ Հայաստանի» օրակարգում չկա: Կուսակցության ներկայացուցիչները նախագահի հետ հանդիպման են գնում երկրում փոփոխություն իրականացնելու օրակարգով, պատրաստվում են ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված և երկրի առջև ծառացած հրատապ խնդիրների ցանկը և դրանց շուրջ իր մոտեցումները»:

Լրագրողներին չհաջողվեց հանդիպել նաև Դաշնակցության ներկայացուցիչներին: Պատասխանելով նոր կոալիցիայում ընդգրկվելու մասին հարցին՝ ՀՅԴ խորհրդանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը yerkir.am կայքին ասել է․ - «Մեր համագործակցության ձևաչափը պայմանավորված է մեր առաջարկած ծրագրերի հիմնադրույթները ընդունելու աստիճանով: Դրանցից է բխելու ամեն ինչ, մեր տեղն ու դերը այս հարաբերությունների մեջ: Բնականաբար սա չի նշանակում կոալիցիայի հետ կապված ինչ-որ գործընթաց, մեր համար դա երբեք ինքնանպատակ չի եղել»:

Նոր կառավարության մաս կազմելու համար, հիշեցնենք, Դաշնակցությունը նախապայման է համարում 7 կետանոց հակաճգնաժամային ծրագրի ընդունումը:

Սերժ Սարգսյանը, ըստ Ռուստամյանի, ասել է, թե շատ ուշադիր կուսումնասիրի այդ ծրագիրը: Նա հայտարարել է, թե բնական է, որ այդ 7 կետերը նոր չէին նրա համար․ կուսումնասիրի այն իմաստով, թե որքան է դա իր կողմից ընդունելի, որպեսզի ընդգրկվի նոր ձևավորվող կառավարության քաղաքականության մեջ:

ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է՝ «այդ որոշումը վերջնական է և՛ Դաշնակցության մոտ, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտ, չմտնել կոալիցիա, չձևավորել նոր կառավարություն»:

ՀԱԿ-ը, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը չի գնում՝ նրան համարելով ոչ լեգիտիմ նախագահ:
XS
SM
MD
LG