Մատչելիության հղումներ

«Ընդդիմությունը խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ»․ ilur


Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության: Այս մասին այսօր ilur-ին տված հարցազրույցում նշել է առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ընդգծելով, որ վարչապետը հրաժարական է տվել բացառապես Ազգային Ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունների ճնշման արդյունքում, Լևոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ Կառավարության փոփոխությամբ Սերժ Սարգսյանի ռազմավարությունն ամենևին չի փոխվելու:

«Ինչպես նախկինում՝ շարունակելու է հետապնդել մինչև իր ժամկետի ավարտը պաշտոնավարելու, իսկ դրանից հետո հավատարիմ ժառանգորդ կարգելու կամ փոփոխված սահմանադրության ընձեռած լայն լիազորություններով վարչապետի պաշտոնն զբաղեցնելու միջոցով իր իշխանությունը ևս տասը տարով երկարաձգելու նպատակը»,- Սերժ Սարգսյանի հնարավոր քայլերի մասին նշում է Տեր-Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում քիչ թե շատ ընդունելի թեկնածություն առաջարկելու և դրանով հանրային դժգոհության ալիքը մեղմելու, ընդդիմությանը պաշտոններով գայթակղելու ու նրա շարքերում պառակտումներ առաջացնելու միջոցով փորձելու է ժամանակ շահել և սեփական դիրքերն ամրապնդելուց հետո հեշտ ու հանգիստ անցնել իր պաշտոնավարումը երկարաձգելու ծրագրի իրականացմանը:

«Պետք է նկատի ունենալ, որ քաղաքական ինտրիգների բնագավառում Սերժ Սարգսյանը Հայաստանում մրցակից չունի։ Ուստի այդ ամենը նրան կհաջողվի, եթե ընդդիմադիր ուժերը զգոն չգտնվեն և համարժեք կերպով չգնահատեն սեփական հնարավորությունները։ Իմ տպավորությամբ, ընդդիմությունը դեռևս մինչև վերջ չի գիտակցել, որ ընդամենը շուրջօրյա հանրահավաքների սպառնալիքի միջոցով հասնելով վարչապետի հրաժարականին, արդեն իսկ մեծ հաղթանակ է տարել, իսկ Սերժ Սարգսյանը, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե կիսով չափ կապիտուլյացիայի է ենթարկվել։ Չզարգացնել այդ հաջողությունը` կնշանակի մեծագույն նվեր մատուցել Սարգսյանին և նպաստել երկրում տիրող մղձավանջի խորացմանը»,- ասում է Տեր-Պետրոսյանը՝ հորդորելով քառյակին ոչ մի պարագայում խաղերի մեջ չմտնել Սերժ Սարգսյանի հետ և մաս չկազմել նրա կողմից ձևավորված որևէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին։

«Հետևաբար, ընդդիմությունը կա՛մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էլ ընտրելով միջանկյալ և իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երկիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը և Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG