Մատչելիության հղումներ

Բագրատյանը Հայաստանի տնտեսության համար «վատ օրեր» է կանխատեսում


Ռուսաստանի իշխանությունները առաջին անգամ հրապարակավ հայտարարել են տնտեսությունում առկա ճգնաժամի մասին, և Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ հայաստանյան տնտեսության համար վատ օրեր են գալիս:

Reuters-ի փոխանցմամբ, Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Սերգեյ Բելյակովը երեկ ելույթ ունենալով Մոսկվայում մեկնարկած «Ռուսական բիզնեսի շաբաթ» միջոցառմանը՝ հայտարարել է․ - «Ռուսաստանի տնտեսությունը ցույց է տալիս ճգնաժամի հստակ նշաններ»:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, 2010-ից սկսած այդ երկրում տնտեսական աճը միայն դանդաղում է․ 2010-ին՝ 4.5 տոկոս էր, 2011-ին՝ 4.3 տոկոս, 2012-ին՝ 3.4 տոկոս, իսկ անցած տարի ընդամենը 1.4 տոկոս, թեև ծրագրվել էր 3.6 տոկոս աճ:

Ռուսաստանի Ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, ով համարվում է նախագահ Վլադիմիր Պուտինի տնտեսական հարցերով խորհրդատուն, օրերս հայտարարեց, որ եթե ղրիմյան ճգնաժամի պատճառով արևմտյան երկրները խիստ պատժամիջոցներ կիրառեն Մոսկվայի նկատմամբ, այս տարի Ռուսաստանում ընդհանրապես տնտեսական աճ չի լինի:

«Ռուսաստանի տնտեսությունը բարվոք վիճակում չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բագրատյանը: - «Ես ենթադրում եմ, որ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալը, երևի հաշվի առնելով նաև, որ Ղրիմի իրադարձություններին կհաջորդեն որոշակի սանկցիաներ, թույլ է տվել իրեն ենթադրելու, որ այդ ամենի արդյունքում Ռուսաստանը ոչ միայն աճ չի ունենա, այլև հաջորդ երկու եռամսյակներին կգրանցվի ՀՆԱ ցուցանիշի անկում»:

Ռուսաստանը Հայաստանի խոշոր առևտրատնտեսական գործընկերներից մեկն է․ 2013-ին մեր երկրի արտաքին առևտրի 24.1 տոկոսը իրականացվել է Ռուսաստանի հետ: Բացի այդ, հայաստանցի աշխատանքային միգրանտների գերակշիռ մասը մեկնում է Ռուսաստան, և մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունի այդ մարդկանց ուղարկած գումարը:

«Հաշվի առնելով այդ ամենը Հայաստանի տնտեսության համար՝ իրոք, վատ օրեր են գալիս: Կկրճատվեն Հայաստան եկող տրանսֆերտները, և հայկական ապրանքները քիչ կվաճառվեն ռուսական շուկայում», - նշեց Հրանտ Բագրատյանը՝ շարունակելով․ - «Հայաստանի տնտեսությունը խոսք էին տվել աճեցնել անցյալ տարի 7 տոկոս, ճշտեցին՝ 6.2, աճել ենք՝ 3.5: Այդ աճն էլ շատ կասկածելի է: Այս տարի բյուջեն հաստատել ենք 5.2 տոկոս աճով, տարին սկսել ենք 1-1.8 տոկոս․․․ Որևէ ձևով մենք լավացում չենք տեսնում»:

Նախկին վարչապետի համոզմամբ՝ նման իրավիճակում Հայաստանի անդամակցությանը Մաքսյաին միությանը բացասաբար կազդի մեր տնտեսության վրա․ - «Մաքսային միությանը միանալու արդյունքում, եվրաինտեգրացումից հրաժարվելու պարագայում, մեր արտահանման բաները կսահմանափակվեն: Արտահանումը դեպի Մաքսային միության շանս կստանա ավելանալու, բայց լուրջ սահմանափակումներ կունենանք դեպի Եվրոպա, որովհետև ստիպված պետք է լինենք կիրառել Մաքսային միության դրույքաչափերը, որոնք 2-2.5 անգամ ավելի բարձր են, քան Եվրոպական միությանը»:

Գաղտնիք չէ, որ պղինձը կազմում է Հայաստանի արտահանման զգալի մասը, որի միջոցով կայուն արժույթ է գալիս մեր երկիր: Սակայն այսօր պղնձի միջազգային գները ամենացածրն են 2010-ի հուլիսից սկսած՝ մեկ տոննայի դիմաց այսօր տալիս են մոտ 6 500 ԱՄՆ դոլար:

Այս առնչությամբ նախկին վարչապետն ասաց․ - «Վիճակն անդուր է, իհարկե: Բայց եկեք պղնձի գները չմեղադրենք: Եկեք գնահատենք այն, որ մենք ադեկվատ կառավարում չունենք: Մենք այդ պրոբլեմների վերաբերյալ ոչ մի օրենք կամ որոշում չենք ընդունում: Մենք ընդունում ենք որոշումներ, չգիտեմ՝ ռեկլամը ինչպես ազատել հարկից, փոքր ավիացիան, որը չկա, ինչպես ազատել հարկից, որովհետև դա ինչ-որ մի օլիգարխ կամ իշխանության ներկայացուցիչ դրանով է որոշել զբաղվել: Եկեք պղնձի գները մեղադրելուց առաջ մեղադրենք վատ կառավարումը կառավարության կողմից»:
XS
SM
MD
LG