Մատչելիության հղումներ

Կառավարություն․ ՄՄ-ին անդամակցելը կբերի ապրանքների թանկացման


Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան
Հայաստանի կառավարությունը ընդունում է, որ անդամակցությունը Մաքսային միությանը Հայաստանում կհանգեցնի գների աճին:

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը մանրամասնեց, որ կառավարությունում կարծում են, որ Մաքսային միության հետ պայմանավորված գնաճը չի գերազանցի 1.5%-ը:

Մինչ այդ, սակայն, հարցը հայտնվել էր կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրի այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով հրապարակումներին, որ Հայաստանում ապրանքները կթանականա, երբ մեր երկիրը դառնա Մաքսայինի անդամ, դիմեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին. - «Հիմա զանգվածային լրատվական միջոցները փորձում են այնպիսի տեղեկատվությունը տարածել, որը, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը, որ Մաքսային միությանն անդամակցելը բերելու է աննախադեպ գնաճի: Կխնդրեի տալ պարզաբանում»:

Կառավարության նիստից անմիջապես հետո Վահրամ Ավանեսյանը լրագրողների առջև հանդես եկավ պարզաբանմամբ. - «Ես չեմ բացառում թանկացումները… Էկոնոմիկայի նախարարությունը թանկացումները մեկուկես տոկոսից ավել չի կանխատեսում»:

Անցած տարվա սեպտեմբերի 3-ից ի վեր, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց Մաքսային միությանը միանալու որոշման մասին, բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ հանդես եկան նախազգուշացմամբ, որ անդամակցությունն այդ միությանը մեր երկրի համար այլ խնդիրներից զատ, կբերի նաև ապրանքների թանկացման, քանի որ մաքսատուրքերը Ռուսաստանի նախաձեռնած միությունում ավելի բարձր են, քան Հայաստանում: Իսկ մեր երկիրը ապրանքների մի զգալի հատվածը, այդ թվում՝ պարենային, ներմուծում է Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից:

Մաքսային միության գոյության ողջ ընթացքում՝ վերջին երեք տարիներին, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ավելի քան ¾-րդը կատարվում է միության անդամ չհանդիսացող երկրների հետ: Ընդ որում, եթե այս հաշվարկից հանենք ռուսական գազը, ապա Մաքսայինի այդ ցուցանիշը է՛լ ավելի կնվազի:

Ըստ Վահրամ Ավանեսյանի՝ ենթադրվում է, որ Մաքսային միությանը անդամակցելուց հետո հայաստանցի գործարարները կսկսեն միության անդամ երկրներից ներմուծել ապրանքներ կամ նախկինում ներմուծվող ապրանքների զգալի մասը, ուստի մի մասի դեպքում թանկացումներ չեն լինի կամ կլինեն աննշան թանկացումներ:

«Ազատության» հարցին՝ եթե տնտեսապես ձեռնտու է այդ ապրանքները ներմուծել Մաքսայինի երկրներից, կամ նույնքան ձեռնտու է, որքան ձեռնտու է ներմուծել ոչ Մաքսայինի երկրներից, ինչո՞ւ հայաստանցի գործարարները այժմ էլ այդ ապրանքները չեն ներմուծում Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից, նախարարն արձագանքեց․ - «Ես ինքս և Հայաստանի Հանրապետության կառավարությունը երբևիցե չի ասել, որ մաքսատուրքերի ավելացումը և իմպորտի փոխանցումը այլ երկիր, դրական երևույթ է: Ես ասում եմ, որ եթե մաքսատուրքը ավելանում է 10 տոկոսով, դա դեռ չի նշանակում, որ ապրանքի գինը կավելանա 10 տոկոսով․ կավելանա 7 տոկոսով, 6 տոկոսով․․․ Եվ այդ պարագայում է, որ ես ասում եմ, որ մեկ է՝ 6 տոկոսով թանկանալն էլ է վատ»:

Հայաստանի իշխանությունները բանակցություններ են սկսելու Մաքսային միության հետ 11 553 անուն ապրանքներից մոտ 850-ի շուրջ բացառություններ ստանալու նպատակով, որպեսզի այդ 850 անուն ապրանքների մաքսազերծումը շարունակվի Հայաստանում գոյություն ունեցող դրույքաչափերով և ոչ թե բարձր մաքսատուրքերով:

Հարց հնչեց, եթե այդ բանակցությունների ավարտվեն անհաջողությամբ, և Հայաստանին ամբողջովին կամ մասամբ մերժեն նշված բացառությունների գծով, Հայաստանի կառավարությունը ի՞նչ փոխհատուցում է նախատեսում գործարարների և բնակչության համար:

«Ակնհայտն է, որ մեր ամբողջ ցանկը, որը ներկայացնում ենք, ամեն ինչ անելու ենք, որ ստանանք: Եթե որևէ ապրանքի գծով չլինի նման համաձայնություն, ապա այդ ապրանքի գծով․․․ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցման մեխանիզմներ տվյալ դեպքում չի կիրառելու: Համենայն դեպս, եթե ինձ հարցնեն, միանշանակ դրա պատասխանը ոչ է»:

Նախարարը այնուհետև հավելեց, թե Մաքսային միություն մտնում ենք, որպեսզի խուսափենք ավելի բացասական տնտեսական հետևանքներից․ - «Տնտեսական հաշվարկների տեսանկյունից պետք է միշտ հաշվի առնել, թե չմտնելու դեպքում ինչ է լինելու: Մենք երբևիցե չենք ասել, որ Մաքսային միություն մտնելը և ապրանքների վրա մաքսատուրքերը ավելացնելը դա ճիշտ բան է Հայաստանի Հանրապետության համար: Դա ընդամենը այն բացասական մասն է, որը մենք վերցնելու ենք՝ մտնելով Մաքսային միություն, շատ ավելի ցածր բացասական էֆեկտ է, քան այն էֆեկտները, որոնք կունենայինք Մաքսային միություն չմտնելով: Միայն գազի գնահատականը՝ թե ինչքան կլիներ Մաքսային միություն չմտնելու դեպքում, ես կարող են ձեզ ասել՝ ակնհայտորեն, եթե ոչ առաջին տարին, ապա 3-4 տարվա ընթացքում՝ 400 դոլար, այդ գինը, որը Ուկրաինան է վճարել մինչև այս փոփոխությունները, որ եղան, դա մեր սպասելիքներն էր լինելու»:
XS
SM
MD
LG