Հայաստանում մտահոգված են Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավարի հայտարարությամբ, որում նա անդրադարձել էր հայոց լեզվի խնդրին: Մասնավորապես, նա ասել է, թե «Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը»:
Անդրեյ Բելյանինովը Մաքսային միության մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստի ժամանակ նաև ընդգծել է, թե պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել, «այլապես մեկս մյուսին չենք կարող հասկանալ»:
Ռուսաստանի գլխավոր մաքսավորի այս խոսքերը վրդովեցրել են ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև իշխող Հանրապետականին: Ազգային ժողովի կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը «Ազատության» հետ զրույցում Բելյանինովի այս հայտարարությունը անընդունելի է համարեց:
«Կարծում եմ, որ Մաքսային միության կառուցումը Բաբելոնյան աշտարակաշինությունը չէ, որ մենք միմյանց չհասկանանք, առավել ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը հրաշալի տիրապետում է ռուսերենին, այնպես որ մաքսակետերում նման հարցեր ուղղակի չեն կարող առաջանալ»,- ասաց Դավթյանը։
Թե ինչու է ռուս պաշտոնյան իրեն թույլ տալիս նման անընդունելի հայտարարություններ անել, կրթության հանձնաժողովի նախագահի համոզմամբ, դա թերևս ավելի շատ էթիկայի խնդիր է: Ամեն դեպքում հանրապետական պատգամավորը համոզված է՝ հայոց լեզուն Հայաստանում չի զիջի իր դիրքերը ռուսերենին:
«Ընդհակառակը, նման անհաջող հայտարարություններ ավելի շատ են մեր մեջ ամրապնդում այն միտքը, որ հայերենը Հայաստանում այլընտրանք չունեցող լեզու է»,- ասաց Դավթյանը։
Մինչդեռ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խորը կասկածներ ունի, որ Մաքսային միության շրջանակներում ամեն ինչ արվելու է, որ Հայաստանում ռուսերենը դառնա պետական լեզու: Մարտիրոսյանը պատահական չի համարում, որ Հայաստանի կառավարությունը, օրենքը խախտելով, Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզը հաստատեց ռուսերեն լեզվով, հետո նոր այն թարգմանվեց հայերեն:
«Եթե այս մեթոդաբանությամբ, այս ձևով շարժվեն իշխանությունները, բնականաբար, ռուսերենը կհամարեն պետական լեզու, և բոլոր հիմքերը ստեղծում են իրենք այդ ամենի համար։ Ուստի ես մտավախություն ունեմ, որ կարճ ժամանակ հետո մենք կունենանք մի իրավիճակ, երբ հայերենը կլինի երկրորդական լեզու»,- կարծիք հայտնեց Մարտիրոսյանը։
Ուշագրավ է, որ ըստ «Ինտերֆաքս»-ի, նիստին մասնակցող Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը Բելյանինովի հայտարարություններից հետո հավաստիացրել է, որ Հայաստանը Մաքսային միությունում գործող բոլոր ընթացակարգերը կկատարի պատշաճ կերպով:
«Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՄՄ անդամ Բելառուսն ու Ղազախստանը ռուսալեզու երկրներ են, որտեղ բնակչության զգալի մասը մայրենին համարում է ռուսերենը։ Հիմա ամեն ինչ արվում է, որ Հայաստանում էլ նույն վիճակը ստեղծվի, այսինքն «մեզանից պահանջում են հրաժարվել մեր ազգային տեսակից՝ հանուն ՄՄ-ի», նշում է նախաձեռնության անդամը։
«Այդ դեպքում մի ժողովրդական խոսք կա, ասում են՝ քացախ ձեր ախորժակին։ Նախ սա ևս մեկ պատճառ է, որով մենք ՄՄ-ում անելիք չունենք։ Երկրորդ՝ մեր իդենտիկությունը հիմնված է հայերենի վրա. լավ է, որ մաքսայինի աշխատողները գիտեն մեկից ավելի լեզուներ, կարծում եմ՝ վատ չէր լինի, որ ղազախները, բելառուսները, եթե իրենց մայրենին չեն սովորում, իրենց գործն է, նաև հայերեն սովորեն»,- ասաց Հովհաննիսյանը։
Արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ եթե ռուս պաշտոնյաների այսօրինակ հայտարարությունները լուրջ են ընդունվում Հայաստանի իշխանությունների կողմից, ապա մեծ վտանգ են ներկայացնում։
«Սա նվաճողների տեսակետն է, բայց մենք նվաճողների տեսակետի հետ երբեք էլ համաձայն չենք եղել, հիմա էլ համաձայն չենք։ Ովքեր են լուրջ ընդունում, ես չգիտեմ, բայց թող մտածեն իրենց մասին, դա իրենց դժբախտությունն է, աշխարհի ոչ մի ժողովուրդ այդպես չի մտածում, ոչ մի երկրում այդպես չեն մտածում... իսկ մենք, չգիտեմ ինչու, պետք է այսպես հեշտ ու հանգիստ հանձնվենք անկախությունից հետո։ Դա չեղավ սովետական պայմաններում, ինչո՞ւ պիտի հիմա լինի, ես չեմ հասկանում։ Չասեմ մտահոգություն, ավելի խիստ բառ եմ ուզում գործածել, մենք այդ վախը ունենք... արդեն այն վիճակին է հասցվել հայերենը, որ կզիջի ռուսերենին։ Սա դժբախտություն է, ազգային աղետը սա է, լեզուն տալով կկորցնենք ամեն ինչ»,- ասաց Հենրիկ Հովհաննիսյանը։