Մատչելիության հղումներ

Հայաստանում ազատամարտիկների նոր միություն կստեղծվի


Առաջիկայում Հայաստանում կստեղծվի ազատամարտիկների միություն, որը կընդգրկի Հանրապետության բոլոր մարզերը և որն իր առջև դնելու է իշխանափոխության նպատակ:

«Ազատության» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

Ըստ Միքայելյանի, միության մեջ ընդգրկվելու են այն ազատամարտիկները, ովքեր պատերազմում ներդրում են ունեցել և ովքեր՝ «ճիշտ մտածելու հետևանքով դուրս են մնացել Հայաստանում գործող վետերանների տարբեր միություններից»:

«Ուզում ենք բոլոր ազատամարտիկներին համախմբենք, որովհետև ինչ-որ տեղ մենք մեծ գործ ենք արել ռազմական գործողությունների ժամանակ և այսօր պիտի այսպիսի բարձիթողի վիճակի չլինի: Այդ տղաները իրենց կարծիքը, իրենց տեսակետը պիտի թողնեն վաղվա օրվա համար: Մեզ բոլորիս կարողացել են այս տարիների ընթացքում մասնատել որ իշխեն, իշխել են, բայց այսօր մենք ուզում ենք համախմբվել, մեր խոսքն ասել», - մեզ հետ զրույցում մանրամասնեց նա:

Սասուն Միքայելյանը նշեց, որ ստեղծվելիք միության համար հիմք է դառնալու նաև անցած տարի բողոքի դուրս եկած ազատամարտիկների, վետերանների ձևավորած կառույցը՝ Դաշտային հրամանատարների ռազմական խորհուրդը․ - «Մենք մեր տեսակը, ձևը ունենք այս տարիների ընթացքում պետության, պետականության, մեր անկախության կայացման համար: Մենք պետք է համախմբվենք թույլ չտանք, որ այս անօրինությունը շարունակվի, խորանա, այս արտագաղթը ավելի մեծ չափանիշների հասնի»:

Սասուն Միքայելյանը հանդիսանում է նաև վերջերս ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ: Միավորման անդամ են նաև Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հանրությանը հայտնի բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ: Միքայելյանը ընդգծեց, որ ստեղծվելիք ազատամարտիկների միությունը կապ չունի նշված միավորման ու որևէ կուսակցության հետ, սակայն միաժամանակ նա հնարավոր համարեց, որ միությունը կհամագործակցի քաղաքական ուժերի հետ:

«Ընթացքում կտեսնենք ո՞ր քաղաքական ուժն է իրոք պայքարում այս ժողովրդի, պետության համար՝ մենք կանգնելու ենք նրանց կողքին: Չենք ուզում, որ որոշ քաղաքական ուժեր ժողովրդին հերթական անգամ բերեն ու թողնեն փողոցում»,- շարունակեց Միքայելյանը, - «Կարող է ժողովուրդն ըմբոստանա, մի օր դուրս գա պայքարի՝ ինքնաբուխ: Մենք կկանգնենք այդ մարդկանց կողքին, որ մեր երկրում այս ամեն ինչը՝ թե՛ ասեմ օլիգարխիան, թե՛ անօրինականությունը․․․ վերջ տանք այս ամեն ինչին ու կարողանանք ձևավորել նորմալ, քաղաքակիրթ երկիր: Ու մեր հիմնական նպատակն այն է, որ մենք ունենանք այս երկրում վերջիվերջո ընտրված նախագահ»:

«Վազգեն Սարգսյանը մի մեծ խոսք ուներ՝ մեր երկրի սահմանները գծվել են արյամբ և ամրապնդվել քրտինքով: Էսօր մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ ժողովուրդը իր քրտինքով հզորացնի էս պետությունը»,- իր խոսքը եզրափակեց արցախյան ազատամարտի մասնակիցը:

Վերջում նշեմ, որ Երկրապահ կամավորականների միությունից այսօր չարձագանքեցին ազատամարտիկների նոր միության ստեղծման մասին տեղեկությանը:
XS
SM
MD
LG