Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները քննադատում են պաշտպանության նախարարին


Ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյան
Ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյան
Խարդախության մեղադրանքով մեկ ամիս առաջ կալանավորված ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանն ու ազատամարտիկները քննադատում են պաշտպանության նախարարին՝ նրա հնչեցրած հայտարարությունների համար։

Նախարարը երեկ հերքել է այն պնդումները, թե ազատամարտիկը կալանավորված է քաղաքական հայացքների համար և պնդել, թե գնդապետը փորձել է միջամտել Զինված ուժերի համալրման հաշվառման խնդիրներին։

Փաստաբան Արա Զաքարյանի համոզմամբ՝այդ հայտարարություններով նախարարը ոտնահարել է անմեղության կանխավարկածը.- «Հաշվի առնելով պարոն Սեյրան Օհանյանի զբաղեցրած պաշտոնը և այն հանգամանքը, որ գործը քննող մարմինը գտնվում է պաշտպանության նախարարության ենթակայության տակ, նման պայմաններում, ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարը կամ որևէ կարծիք չպետք է հայտներ, կամ հայտնելու դեպքում շատ զսպված և չեզոք դիրքորոշում հայտներ»։

Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ մինչ կալանավորումը ինքը մի քանի անգամ հանդիպել է Ավետիսյանին, փորձել է ուղղություն տալ նրանց սոցիալական պայքարին ու պնդել, որ այս մասին առաջինը զեկուցվի նախարարությանը։ Ավետիսյանը, սակայն, ըստ նախարարի խախտել է այս պայմանավորվածությունը։ Իր և Ավետիսյանի միջև տեղի ունեցած շփումների մասին այլ մանրամասներ Սեյրան Օհանյանը չի հաղորդել։ Փաստաբանի համոզմամբ, սակայն, այսքանն արդեն բավարար է՝ պնդելու, որ իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում։

«Ըստ էության, մեր պետությունը Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում իր քաղաքական գործուներության հետ կապված։ Նախարարի հայտնած դիրքորոշումից հետևում է, որ Ավետիսյանը հանդիսանում է քաղբանտարկյալ»,-ասաց Զաքարյանը։

Փաստաբանը իր պնդումները հիմնավորում է նաև նրանով, որ մեկ ամսից ավելի ճաղերի ետևում գտնվող ազատամարտիկի հետ մինչ օրս քննչական որևէ գործողություն չի կատարվել, տուժողների ու վկաների հետ առերեսում չի իրականացվել.- «Սրանից հետևում է, որ իշխանությանը ուղղակի պետք էր Վոլոդյա Ավետիսյանին մեկուսացնել»։

Պաշտպանության նախարարի հայտարարություններին ի պատասխան՝ Ավետիսյանի ընկերները հակադարձում են՝ հայտարարելով, թե նա փոխարենը կարող էր լույս սփռել այս գործի վրա ու մինչև հիմա պատասխան չստացած մտահոգությունները փարատել։ Օրինակ, ասել, թե ով է այն քաղաքացին, ում բողոքի հիման վրա մեղադրանք է առաջադրվել ազատամարտիկին։ Ավետիսյանի ընկերները փորձել են գտնել այդ քաղաքացուն, բայց՝ ապարդյուն։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց խարդախության համար։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով 2000 ԱՄՆ դոլար է հափշտակել։ Տասն օր առաջ էլ մեղադրանքը լրացվեց՝ խարդախության փորձի համար մեղադրանքով։
XS
SM
MD
LG