Մատչելիության հղումներ

ՄՄ-ին անդամակցելը «կարևոր տնտեսական հեռանկարներ է բացում»


Armenia -- MPs Gagik Minasian (c) and Artsvik Minasian (r) at a press conference in National Assembly, 20 July, 2011
Armenia -- MPs Gagik Minasian (c) and Artsvik Minasian (r) at a press conference in National Assembly, 20 July, 2011
Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի (ՀՀԿ) ներկայացմամբ` Մաքսային միությանը Հայաստանի միանալու փաստաթղթերի ավարտուն տեսքից հետո միայն հնարավոր կլինի ասել, թե միությանը անդամակցելը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա:

Նման հայտարարություն իշխող քաղաքական ուժի գործադիր մարմնի անդամն արեց այսօր «Ազատության» հետ զրույցում` ընդգծելով, սակայն, որ իր նախնական գնահատականը դրական է. - «Այստեղ չափազանց կարևոր է այն աշխատանքային խմբերի աշխատանքը, որ ստեղծվել են Կառավարության կողմից: 7 աշխատանքային խումբ է ստեղծվել, որոնք պետք է բանակցեն Մաքսային միության համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ, որպեսզի պատրաստեն այն համաձայնագրերը, իսկ համաձայնագրերի քանակը չափազանց մեծ է լինելու, որոնք պետք է գան Ազգային ժողով` վավերացման»:

«Մաքսային միությունը իր կայացման փուլում գտնվող կառույց է», - շեշտեց Մինասյանը` շարունակելով. - «Սա` որպես հիմնական փաստարկ, որը թույլ չի տալիս այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարելու, թե ինչպիսին կլինի մեր օգուտը: Դա ուղղակի կապված է այն աշխատանքների հետ, որոնք հենց հիմա կատարվում են»:

Նա, այուհաներձ, նշեց, որ Մաքսային միությանը անդամակցելը տնտեսական երկու կարևոր հեռանկար է բացում Հայաստանի համար: Մեկը էժան էներգակիրներին են, որոնք կարող են դրականորեն անդրադառնալ հայաստանյան ձեռնարկությունների վրա, և երկրորդ՝ անդամակցելով միությանը՝ Հայաստանը դառնում է մեկ ընդհանուր ու խոշոր տնտեսական դաշտի անդամ, և միջազգային ներդրողները շահագրգռվածություն կունենան ներդրումներ կատարել մեր երկրում, որպեսզի այստեղ արտադրված ապրանքնները վաճառեն ողջ միությունում. - «Եվ այս պարագայում եթե մենք կարողանանք ապահովել շատ ավելի թափանցիկ ընթացակարգեր այդ ընկերության համար` իր արտադրությունը Հայաստանում հիմնելու, շատ ավելի մեղմ հարկային ռեժիմ, արտոնյալ հարկային ռեժիմ: Այս առումով Հայաստանը կարող է դառնալ մի պլացդարմ, որտեղ կիրականացվեն այդպիսի ներդրումներ»:

Տնտեսագետ Սամսոն Ավետյանը, ով Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի նախագահն է, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, թե արդեն այսօր պարզ է՝ երկարատև հեռանկարում Հայաստանի տնտեսությունը դժվար թե կարողանա օգուտներ քաղել Մաքսային միությունից, որովհետև այդ միության անդամ երկրները միջազգային շուկայում մրցունակ չեն («խոշոր հաշվով, զբաղված են միայն էներգակիրների վաճառքով»), խնդրահարույց են նաև ներքին՝ կառուցվածքային առումով («գաղտնիք չէ, միության բոլոր երեք երկրներում էլ խոշոր բիզնեսն ունի մոնոպոլ դիրքեր ու սերտաճած է պետության ղեկավարության հետ»):

«Մենք փոքր, զարգացող երկիր ենք, որը պետք է օրինակներ քաղի ուրիշ երկրների նվաճումներից: Այդ առումով, ես կարծում եմ, մենք ավելի շատ սովորելու տեղ ունենք արևմտյան երկրներից, քանի որ այնտեղ կազմակերպությունները ավելի մրցունակ են, ավելի ուժեղ են», - նշեց նա:

Ըստ Ավետյանի, Մաքսային միության պայմանները ավելի շատ հարմարեցված են Ռուսաստանի շահերին, և այս տեսանկյունից վտանգ կա, որ միության անդամ դառնալուց հետո ռուսական խոշոր բիզնեսը ընդհանուր շուկայում ուղղակի կկլանի հայաստանյան մեծ ու միջին ընկերություններին:

«Քանի որ մեր շուկան փոքր է, քանի որ մրցունակ չէ, քանի որ տարիների ընթացքում շատ քիչ բարեփոխումներ են արվել, ու տնտեսությունը թույլ վիճակում է այսօր, իհարկե, այդ մտավախությունը կա նաև իմ մոտ, որ մենք չենք կարողանա, որ մեզ ավելի շատ պարտադրվելու են որոշ պայմաններ», - փաստարկեց նա:
XS
SM
MD
LG