Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցությունը «չի դիտարկում սևի և սպիտակի համատեքստում»


ԵԺԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթը (աջ) ողջունում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, Բրյուսել, 24-ը հոկտեմբերի, 2013
ԵԺԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթը (աջ) ողջունում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, Բրյուսել, 24-ը հոկտեմբերի, 2013
Այսօր Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին Եվրամիության ղեկավարների, վարչապետերի և ընդդիմադիր գործիչների մի ամբողջ աստղաբույլ է հավաքվել:

Եվրոպայի ամենամեծ կուսակցության գագաթաժողովին մասնակցում են նաև Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի ղեկավարները:

ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահից հետո նրա ժամանակավոր պաշտոնակատար Ջոզեֆ Դոյլի հետ ԵԺԿ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպեց նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մեկն է այն չորս ոչ ԵՄ անդամ երկրների կառավարության ղեկավարներից, որոնք ներկա են ԵԺԿ գագաթաժողովին:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում էր նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով վարչապետի հետ միասին ներկա է եղել ԵԺԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպմանը և «Ազատության» հետ զրույցում պատմեց վարչապետի և ԵԺԿ պաշտոնյաների հետ հանդիման մանրամասները։

«Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությունը Բրյուսել կամ որևէ այլ եվրոպական քաղաք քննության չի գալիս, որ հարցեր տան, տոմս քաշի, պատասխանի։ Այդ դիտարկումը, այդ տեսակետը, որ երբեմն որոշ լրատվամիջոցներում և քաղաքական շրջանակներում փորձում են մատուցել, վիրավորանք է և հարված է նախ և առաջ եվրոպական քաղաքական մշակույթին և համակարգին։ Եվրոպացի գործընկերների համար մենք գործընկեր կուսակցություն ենք, և ինչպես իրենք, այնպես էլ մենք ունենք փոխգործակցության ցանկություն, ունենք հարցեր, որոնք պատասխանի են սպասում, և այստեղ մենախոսություն երբեք չի լինում։ Լինում է շատ ինտենսիվ և շատ ազատ երկխոսություն բավականին ազնիվ ձևաչափերով»,- ասաց Աշոտյանը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին: Ի դեպ` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը առաջիններից էր, որ ժամանեց Մայզի ամրոց, որտեղ և անցկացվում է ԵԺԿ-ի գագաթաժողովը: Հայաստանյան պատվիրակության անդամները եվրոպացի գործընկերների հետ նախ զբոսնեցին հարակից տարածքում, ապա վերադարձան քննարկումներին:

ԵԺԿ գագաթաժողովում Տիգրան Սարգսյանը իր ելույթում ասել է.- «Մենք հետամուտ ենք շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպայի հետ՝ չհակադրելով այն Մաքսային միությանը, և ձգտում ենք լայն ու համապարփակ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ։ Մեր այս ձգտումը վերաբերում է համագործակցության բոլոր ուղղություններին. պետական շինարարություն, արդյունավետ կառավարում և ժողովրդավարություն, դատաիրավական բարեփոխումներ և կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական և առևտրային գործունեություն, անվտանգություն և ռազմական խնդիրներ, մշակույթ, կրթություն և այլն։ Եվրոպական մեր գործընկերների օգնությամբ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ուղղությամբ և այժմ ցանկանում ենք շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ նույն ձևաչափով»։

«Համագործակցությունը Եվրամիության հետ մենք չենք դիտարկում «սևի և սպիտակի» համատեքստում: Մենք կտրականապես մերժում ենք նման մոտեցումը: Խոսքը չի վերաբերում մաքսային սակագներին և տեխնիկական կանոնակարգմանը: Հայաստանը, լինելով շրջափակման մեջ և ունենալով թշնաբար տրամադրված հարևան, չի կարող կոմպրոմիսի ենթարկել իր անվտանգության ապահովման հիմնախնդիրը և հարցականի տակ դնել Ռուսաստանի Դաշնության հետ կենսական նշանակություն ունեցող իր ռազմավարական դաշինքը, որի վրա է խարսխված մեր երկրի անվտանգության համակարգը»,- ասել է վարչապետը։

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա արդեն այսօր երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG