Մատչելիության հղումներ

Էմիլ Բուդաղյանը բացառում է զինված հարձակման վարկածը


Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը Գորիսում
Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը Գորիսում
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր զարմանքն արտահայտեց մյուս որդուն՝ Արտակ Բուղադյանին մինչ օրս տուժող չճանաչելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին հնչած հայտարարությունների կապակցությամբ։

«Ո՞նց կարելի է մարդ, որի հրացանը որպես սուվենիր, չկրակող հրացան էր, մեկի վրա հարձակում գործած լիներ», - ասաց նա։

Մոտ 20 օր առաջ զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը նախաքննական մարմնին միջնորդել էր իրեն տուժող ճանաչել, սակայն նախաքննական մարմինը հետաձգել էր տուժող ճանաչելու որոշումը։ Մոտ երկու շաբաթ առաջ էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը չէր բացառել, որ Արտակ Բուդաղյանը կարող է գործում որպես մեղադրյալ ներգրավվել։

Հունիսի 1-ին իր տան մերձակայքում տեղի ունեցածը, որի հետևանքով մահացավ Ավետիք Բուղադյանը, վիրավորումներ ստացան նրա եղբայրը՝ Արտակ Բուղադյանը և նախկին մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, զինված հարձակում էր որակել ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը։ Այս պահի դրությամբ դեպքի առնչությամբ կալանավորված են նախկին մարզպետի 19-ամյա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը։ Նրանք մեղադրվում են շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ։

Էմիլ Բուդաղյանը պնդում է, որ դեպքը պատկերող չմոնտաժված տեսանյութով հերքվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակման վերաբերյալ պնդումները։ Հիշեցնենք, դեպքից մի քանի օր անց Սյունիքի մարզպետարանը հրապարակել էր, տուժող կողմի պնդմամբ, մոնտաժված տեսանյութի սղագրությունը։

Էմիլ Բուղադյանը ասում է՝ «չմոնտաժված տեսանյութը շատ է տարբերվում ավելի վաղ հանրության սեփականությունը դարձած տեսանյութից». - «Հասարակությանը ուզում են ցույց տան, որ զինված հարձակում է։ Ես տեսել եմ մեքենաները ինչպես են գալիս, Լիսկա կոչեցյալը ոնց է իջնում մեքենայից և մտնում տուն, էդ թիկնապահները, էդ ժողովուրդը զինված սպասում են ինչ-որ մեկի գալուն։ Էդ մեկն էլ մեր Ավետիքն էր»։

Էմիլ Բուղադյանը ասում է, որ որդուն նախկին մարզպետի թիկնապահն է զանգահարել և կանչել Սուրիկ Խաչատրյանի տուն. -«Դրանից հետո Արտակը որ գալիս է, Ավոն գնում է մեքենայով առաջը փակում է, որ գնա Արտակը։ Ու էդտեղ տեսնում է, որ Ավոյին քաշքշում են, Արտակը իր սուվենիր զենքը հանում է վախեցնելու համար, ու էդտեղ արդեն քաշքշոցը սկսվում է։ Լիսկայի կինը՝ Լորետը իր փոքր տղայի և մի թիկնապահի հետ Ավոյին համոզում են, ինչ-որ խոսում են, ու Ավոն, Արտակը հետ են դառնում։ Ահագին հեռու տարածությունից կրակում են Ավետիքի և Արտակի վրա»։

Բուղադյանը պնդում է, որ որդիների վրա կրակել է նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը. -«Տիգրանը կրակում է, նշանառու ձևով Արտակին կպնում է, երկրորդ գնդակը կպնում է Ավետիքին, Ավետիքը ստիպված շուռ է գալիս ու իր զենքը հանում դրանց վրա... նոր Ավետիքին նորից 3-4 գնդակ կպնում է։ 5 գնդակ Ավետիքն է ստացել։ Ավետիքի վրա մի հոգի չի կրակել»։
XS
SM
MD
LG