Մատչելիության հղումներ

Մերձմոսկովյան Պոդոլսկում կատարվածը մեկնաբանում են մտավորականները


Բողոքի ակցիա Երևանում ՌԴ դեսպանության շենքի մոտ: 17-ը հուլիսի, 2013թ․
Բողոքի ակցիա Երևանում ՌԴ դեսպանության շենքի մոտ: 17-ը հուլիսի, 2013թ․
Մտավորականության ներկայացուցիչներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց կարծիքն են բարձրաձայնում մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարին հետեւած իրադարձությունների մասին:

Բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի կարծիքով, վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ մեր հայրենակիցները Ռուսաստանում պաշտպանված չեն:

«Այդ մարդը [Հրաչյա Հարությունյունը] սոցիալապես բավական վատ վիճակում գտնվող մարդ է, բայց ես կարծում եմ, որ նույնիսկ ամենահարուստները և այլն Ռուսաստանում պաշտպանված չեն: Ռուսաստանում ապրող հայ համայնքը դառնում է մի տեսակ պատանդ: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի հետ խնդիրներ կան և դրանք գուցե վաղը ավելի սրվեն, և մարդիկ դառնալու են պատանդ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց նա:

Պետրոսյանը նաև տարակուսած է ու վտանգավոր է համարում երևանյան տրամադրությունները՝ մատնացույց անելով տարիներ շարունակ որպես իշխանությունների խոսափող հանդես եկած մարդկանց կամ Եվրասիական միության ջատագովներին, ովքեր այսօր Ռուսաստանի դեսպանատան առջև ցույցերի են մասնակցում․ - «Զարմանալին այն է, որ իրենք երբեք մարդու իրավունքների պայքարում ակտիվ չէին, բայց հիմա հանկարծ ակտիվացան: Սա ցույց է տալիս, որ այստեղ քարոզչության տարր կա, որը կապված է աշնանը ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի հետ»:

Իսկ գրող Վահրամ Մարտիրոսյանի պնդմամբ՝ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ մեծ հաշվով չի փոխվել: Նա համոզված է, որ Երևանում ի հայտ եկած հակառուսական տրամադրություների պատճառը նաև Ադրբեջանին վաճառված մեկ միլիարդ դոլարի հարձակողական նշանակության զենքն է:

Վերջին իրադարձությունները Վահրամ Մարտիորսյանին առայժմ հիստերիա են հիշեցնում: «Ամբողջ աղմուկը բարձրացավ ծաղկավոր խալաթի պատճառով: Այն դեպքում, երբ Ռուսաստանում տասնյակ հայեր են սպանվում ամեն տարի ազգային հողի վրա: Եվ դրանք անցնում են, չգիտես ինչու, աննկատ: Ինձ համար վիրավորական է այսպիսի հիստերիայի գոյությունը, և ինքս չեմ մասնակցում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գրողը:

Վահրամ Մարտիրոսյանը ակնկալում է որ Հայաստանի իշխանությունները առնվազն արտգործնախարարության մակարդակով արժանապատիվ կեցվածք դրսևորեն ու արձագանքեն Հայաստանի քաղաքացու հանդեպ արհամարհական վերաբունքին և ազգային արժանապատվությունը նվաստացմանը:

Արձակագիր Լևոն Ջավախյանը շեշտում է, որ ռուսական քաղաքականության մեջ ակնհայտ է դառնում, որ Մոսկվային դուր չի գալիս Հայաստանի հարաբերությունների բարելավումը Եվրամիության հետ, և այսուհետև Հայաստանը պարբերաբար այսպիսի ապտակներ կարող է ստանալ:

«Ընդհանուր առմամբ՝ երկուստեք սրում են իրավիճակը: Մեր կողմից էլ այդչափ սրելը իմ սրտովը չէ: Բայց փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխում է․ փորձում է իր խանդը ցույց տալ Արևմուտքի նկատմամբ մեր սեթևեթումների նկատմամբ: Այդ զենքը, որ վաճառեցին Ադրբեջանին, դրա շարունակությունն եմ ես համարում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց արձակագիրը:

Ջավախյանի գնահատմամբ՝ պաշտոնական Երևանի վարած «և-և-ի քաղաքականությունը» երկար չի կարողանա շարունակվել:
XS
SM
MD
LG