Մատչելիության հղումներ

Բողոք Մոսկվայի ոստիկանության եւ առողջապահության բաժնի դեմ


Պոդոլսկի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ մեղադրվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Մոսկվայի ոստիկանության եւ առողջապահության բաժնի դեմ:

Հիշեցնենք, Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Օզնոբիխինո գյուղի մոտ հուլիսի 13-ին տեղի է ունեցել սարսափելի վթար` խիճով լցված հսկայական բեռնատար «Կամազը» չի արգելակել եւ բախվել է «Լիազ» մակնիշի ուղեւորատար ավտոբուսին։ «Կամազի» վարորդին՝ Հրաչյա Հարությունյանին, մեղադրանք է ներկայացվել՝ «երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան»։ Հարությունյանը այժմ կալանավորված է: Նա հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի գույնզգույն խալաթով էր բերման ենթարկվել դատարան:

«Հրաչյա Հարությունյանի՝ այդ տեսքով հայտնվելը դատարանում մարդու արժանապատվության ոտնահարում է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մելցևը, - «Ոստիկանության համապատասխան աշխատակիցները պետք է դիմեին մեզ, մենք կես ժամում նրան հագուստ կբերեինք, եւ սա ոստիկանության պահակախմբի եւ հիվանդանոցի անգործությունն է»:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո խոսնակ Էդուարդ Ջամբազյանը, ով այսօր այցելել էր Հրաչյա Հարությունյանին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նա տեղյակ չի եղել, որ իրեն այդ հագուստով դատարան են տեղափոխում եւ ընդհանրապես, այնպիսի վիճակում է եղել, որ չի էլ հասկացել ինչ է կատարվում:

«Դեսպանությունը գտնում է, որ պատկան մարմինները եւ պատասխանատու անձինք պարտավոր էին ապահովել կասկածյալի՝ դատարանում պատշաճ տեսքով ներկայանալը», - նշեց Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը՝ հավաստիացնելով, որ ռուսաստանյան պաշտոնյաների հետ ունեցած բոլոր հանդիպումների ընթացքում իրենք այս առնչությամբ մտահոգություն են հայտնել:

«Բոլորը մեզ հետ համաձայնում են բացատրում են դա նրանով, որ դա կատարվել է ոչ միտումնավոր այլ հապճեպության արդյունք է», - հավելեց Էդուարդ Ջամբազյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG