Մատչելիության հղումներ

Հայաստանն «աննկարագրելի ու անկանխատեսելի փոխվել է»


Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի 25 օրերի ընթացքում Հայաստանում «աննկարագրելի ու անկանխատեսելի» փոփոխություններ է տեսնում:

«Ձեզնից որեւէ մեկը կարծո՞ւմ էր մեկ ամիս առաջ, որ կարելի է գոնե ժողովրդի մի զգալի հատվածի մոտ` քաղաքում կամ գյուղում, փոխել ոգին, գիտակցությունը եւ քաղաքական գործընթացին պատկանելու հավատամքը վերականգնել: Ես կարծում եմ, որ դա կայացել է», - քվեարկությունից առաջ իր վերջին ասուլիսում այսօր նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն իսկ օրինախախտումներ են հայտնաբերել, որոնք ներկայացրել են պատկան մարմիններին. - «Վարչական ռեսուրսի կիրառում է, պետական շենքերի չարաշահում, ուսուցիչների, զինվորների ուղղորդում: Ունենք տեսագրություններ, ունենք խախտված օրենսգիրք»:

Մասնավորեցնելով` նա ասաց, որ արձանագրված խախտումներն առնչվում են գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նշեց նաեւ, որ դրանց մի մասն արդեն վերացվել է:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ քարոզարշավի փուլում ընտրապայքարն անհավասար է եղել. - «Սրանով հանդերձ, ես պայքարից հրաժարվող չեմ եւ կրկնում եմ, որ հայ մարդը, շարքային հայաստանցին կողմնորոշվել է: Եվ փետրվարի 18-ին այս վիճակում եթե գնանք ազատ, արդար ընտրությունների, առաջին փուլով հաղթելու է ժողովուրդը եւ ունենալու ենք նոր նախագահություն»:

Թենածուն փոխանցեց, թե քարոզարշավի ընթացքում ինչ հարցեր են բարձրացրել ընտրողները. - «Աշխատատեղ, աշխատավարձ, թոշակ, կրթության հնարավորություն, արտագաղթի վերացում եւ արդարություն»:

Նախագահի թեկնածուն «սուտ ու կեղծիք» որակեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առնչությամբ նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանի հայտարարությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կամ նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը անդամակցում են ինչ-որ մասոնական օթյակի:

«Այս սուտ վկայության համար, ինձ թվում է, որ ինքը պատասխան պիտի տա դատախազության առջեւ կամ` Հայաստանի օրենքին համապատասխան: Ոչ թե որովհետեւ մասոնական լոժաների անդամակցությունն օրենքով արգելված է… ամեն մեկն իր իրավունքն ունի: Բայց ես երբեւէ չեմ եղել անդամ, ոչ էլ հայրս` Ռիչարդ Հովհաննիսյանը, որ հայագիտության եւ հայոց պատմության ռահվիրա է եղել Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Եվ եթե ինքը [Սեդրակյանը] որեւէ վկայություն ունի, որ ես կապ ունեմ որեւէ բռնության հետ` որեւէ տեսակի բռնության հետ, երբեւէ, որեւէ մեկի նկատմամբ, կարծում եմ, որ դատախազությունը պետք է որոշի: Ես պատրաստ եմ պատասխանել դատախազության հարցերին եւ նույն ակնկալում եմ իրենից»:
XS
SM
MD
LG