Մատչելիության հղումներ

«Հայաստանը դարձնելու ենք վերադարձի երկիր»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր այցելեց Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր:

Ամեն տեղ թեկնածուն հորդորում էր փետրվարի 18-ին մասնակցել ընտրություններին եւ քվեարկել «նոր Հայաստանի համար». - «Այնպես պիտի չանենք, որ մեր ընտանիքները շարունակաբար կիսվեն, մեր հայրերը, եղբայրները գնան խոպան, կամ իմ նման ծնվեն Ամերիկաներում»:

Բոլոր բնակավայրերում Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում էր փողոցներում, ձեռքով բարեւում էր անխտիր բոլոր անցորդներին, գնումներ կատարում խանութներում, տարադրամ փոխանակում բանկերում:

Մարզկենտրոն Իջեւանում նախագահի թեկնածուն իր հետ հանդիպման եկած ընտրողներին ասաց. - «Մենք պիտի մոտենանք փետրվարի 18-ին մեր կյանքի միգուցե ամենամեծ խաչմերուկին, եւ պիտի որոշենք, թե որ կողմ ենք գնում` այսօրվա Հայաստանի շարունակությո՞ւնը, թե՞ վաղվա` իրավական, դե յուրե սահմանադրական Հայաստանը, անցյալի կորո՞ւստը, թե՞ ապագայի վաստակը»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` Հայաստանը պետք է դառնա վերադարձի երկիր, պետք է վերջ տրվի արտագաղթին:

Նախագահի թեկնածուն խոստացավ. - «Ոչ մի կոպեկ` իմ ընտանիքին, ոչ մի բիզնես` իմ շրջապատին, ավելորդ թիկնապահի կարիք չունի Հայաստանի նախագահը, քանի դեռ հայ ժողովուրդը, միջին հայը ապրում է այս վիճակի մեջ` դժվար, թշվառ, անգործ»:

Իջեւանում Րաֆֆի Հովհաննիսյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին մաղթեց. - «Մի անգամ մեր Սահմանադրությանը համապատասխան ազատ ընտրություններ անցկացնեք», ինչին մարզպետը հակադարձեց. - «Մենք միշտ ենք Սահմանադրությանը համապատասխան ընտրություններ անցկացնում: Կատարում ենք օրենքով եւ ըստ Սահմանադրության պահանջի: Եվ այսօր Դուք Տավուշում պետք է առանձնապես նկատեիք»:

«Տավուշում եւ ամեն տեղ արդեն տեսնում ենք խախտումներ», - իր հերթին հակադարձեց թեկնածուն: - «Բայց հիմա դրա համար չեկա այստեղ, ոչ էլ Ձեզ հետ բանավիճելու»:
XS
SM
MD
LG