Մատչելիության հղումներ

Երեւանը Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ հակադրություն չի տեսնում


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը
Հայաստանի իշխանությունները հակադրություն չեն տեսնում արտաքին քաղաքականության ոլորտում Եվրամիություն եւ Եվրասիական միության կամ Ռուսաստանի հետ համագործակցության հարցում։

2012թ.-ի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրվեց վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը: Մյուս կողմից, վերջին շրջանում շատ է խոսվում Ռուսաստանի գլխավորությամբ Եվրասիական միության ստեղծման մասին, եւ այդ համատեքստում Երեւանում չեն դադարում քննարկումները, թե ի վերջո ո՞ր ուղղությամբ պետք է ընթանա Հայաստանը` դեպի Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն:

«Ռուսաստանը եղել եւ մնում է մեր հիմնական ռազմաքաղաքական գործընկերը, եւ մենք այդ հարաբերությունը պետք է խորացնենք, եւ այդ հարաբերությունը չպետք է հակադրենք Եվրամիությանը», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, - «Մենք դա ազնիվ բացատրում ենք մեր գործընկերներին։ Երկու կողմի հետ այսօր շատ լավ ստացվում է, եւ մենք պետք է շարունակենք այդ համագործակցությունը։ Այդ համագործակցությունը ուղղված չէ ոչ իրար դեմ, ոչ էլ երրորդ կողմի դեմ»։

Արթուր Բաղդասարյանը «բավականին օգտակար» որակեց Ռուսաստանի հետ համագործակցությանը, տեղեկացնելով, որ ավարտվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին նոր համաձայնագրի մշակումը, որի ստորագրումը թույլ կտա Հայաստանի ու Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին «ուղիղ կապերի մեջ մտնել եւ խորացնել համագործակցությունը»: Բաղդասարյանը նաեւ նշեց, որ Հայաստանում բացվել է ռուսական «Ռոսգրանիցա» պետական գործակալության ներկայացուցչույթունը եւ նախատեսվում է ռուսական ռեսուրսների ներգրավմամբ արդիականացնել հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանները:

Ըստ ԱԱԽ քարտուղարի, այս տարի` ՀԱՊԿ անդամ երկրներից առաջինը Հայաստանում կբացվի ՀԱՊԿ ակադեմիան, ուր կպատրաստվեն ռազմական, անվտանգության ոլորտում կադրեր:

Եվ վերջապես, ինչպես փոխանցեց Բաղդասարյանը, 2013-ին Հայաստանում ստեղծվելու են նյութատեխնիկական պահուստի հայ-ռուսական համատեղ ենթակառուցվածքներ «ողջ կովկասյան տարածաշրջանի համար»։

«Դա խոշորագույն ենթակառուցվածք է լինելու, որի ստեղծումը մեր տնտեսության, անվտանգության համար էլ ունի կարեւորագույն նշանակություն։ Տեղակայված լինելով Հայաստանում՝ այդ պահուստները կարող են Ռուսաստանի եւ Հայաստանի կարիքների համար օգտագործվել։ Խոսքը հիմնականում քաղաքացիական նշանակության պահուստների մասին է», - մանրամասնեց ԱԱԽ քարտուղարը։
XS
SM
MD
LG