Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Եվրաինտեգրումը մնում է առաջնահերթություն»


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցի շրջանակներում չորեքշաբթի օրը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների օրակարգը: Կարեւորվել է Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման Հայաստան - Եվրամիություն բանակցություններին, մարդկանց տեղաշարժի դյուրացման, ինչպես նաեւ Հայաստանի բարեփոխումներին աջակցելու ձեւաչափի շուրջ ԵՄ-ի հետ ծավալված երկխոսությանը:

Սերժ Սարգսյանը, վերահաստատելով Եվրոպական միության հետ Հայաստանի սերտ համագործակցության պատրաստակամությունը, ընդգծել է, որ անկախացումից ի վեր ԵՄ-ի հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են Հայաստան - ԵՄ բարձր մակարդակի փոխայցելությունները:

Անդրադարձ է եղել մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին:

Քեթրին Էշթոնը նշել է, որ կարեւոր է շարունակել Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները, թեեւ կայացած խորհրդարանական ընտրությունները, նրա խոսքով, լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում, ասված է նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունում։

Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG