Մատչելիության հղումներ

Եվրասիական միությունը Հայաստանին «չի պարտադրվում»


Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Հովհաննես Սահակյան
Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Հովհաննես Սահակյան
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը համաձայն չէ պնդումներին, թե դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված փաստաթուղթը, որին միացել է նաեւ ՀՀԿ-ն, Եվրասիական միությանն ավելի սերտորեն ինտեգրվելու որոշակի պարտադրանք է Հայաստանի նկատմամբ:

Ռուսաստանի իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիա»-ի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» ֆորումի ավարտին ընդունվել էր միջկուսակցական համագործակցությանը վերաբերող հուշագիր: Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակի մեկնաբանությամբ` այդ փաստաթուղթը ստորագրած երկրների իշխող կուսակցություններն այդպիսով պատասխանատվություն են կրում Եվրասիական միության ստեղծմանը միտված ինտեգրացիոն գործընթացների համար, եւ այդ շրջանակում միջկուսակցական համագործակցությունն առանցքային է:

Փաստաթուղթը, հիշեցնենք, ստորագրել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հովհաննես Սահակյանը համոզմունք հայտնեց, թե Հայաստանի նկատմամբ որեւէ պարտադրանքի մասին խոսք լինել չի կարող, իսկ նշված փաստաթուղթը հայեցակարգային կամ ծրագրային բնույթ չունի, այլ ընդամենը արձանագրություն է ֆորումին ՀՀԿ-ի բերած մասնակցության մասին:

«Ես կարծում եմ, որ մենք արդեն իսկ ձեւավորված երկիր ենք, պետություն ենք, եւ այսօրվա մեր իշխանությունը ի վիճակի է դիմակայել տարբեր ճնշումների: Եթե [ճնշումներ] լինեն, եթե կան, ապա մենք պատրաստ ենք», - ի պատասխան հարցին, թե արդյոք Մոսկվայի կողմից Հայաստանի նկատմամբ կա Եվրասիական միության անդամակցելու հարկադրանք:

Հայաստանը, նրա խոսքով, պատրաստ է իր մասնակցությունը բերել բոլոր այն միջազգային կառույցներին եւ առհասարակ տարբեր ձեւաչափերով զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, որոնցից կարելի է երկրի համար օգուտ ակնկալել, եւ եվրասիական ինտեգրացիան որեւէ կերպ չի հակադրվում Հայաստանի եվրոպական ձգտումներին:

«Տարբեր ֆորմատներում մենք մասնակցում ենք` ելնելով մեր պետության, մեր երկրի շահերից: Նույնն էլ Եվրասիական այս նոր ձեւավորվող մոդելն է, կառույցն է: Եթե դա պետք է ինչ-որ մի օգտակար հատիկ լինի մեր ժողովրդի, մեր տնտեսության, մեր պետության համար, ապա մենք անպայման կարող ենք բանակցել, մասնակցել, խոսել: Եվ երբեւէ մենք դա չենք համեմատում, ասենք, Եվրամիության հետ մեր գործողությունների հետ, ասենք` Ասոցացման պայմանագիր», - նշեց նա` հավելելով, որ միանգամայն բնական է համարում ե’ւ եվրոպական, ե’ւ եվրասիական ուղղություններով ինտեգրացիոն գործընթացների համատեղումը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, կուսակցության միջազգային հարցերով պատասխանատու Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, մինչդեռ, առկա է Հայաստանին դեպի եվրասիական ուղղություն մղելու հստակ հարկադրանք:

«Ամռան ընթացքում 5 բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Հայաստան: Այցելությունները շատ ուշագրավ էին այն առումով, որ, ինչպես իրենք էին իրենց մամլո հաղորդագրություններում շեշտել` եկել են Հայաստան` Եվրասիական նախագծի հարցերը քննարկելու: Եվ պիտի ասել, որ հարկադրանքը, որը քաղաքական եղանակներով է, բնականաբար, իրականացվում, նոր չէ: Այլ բան է, որ իշխող կուսակցությունը համարձակություն եւ խիզախություն չունի դրա մասին հայտարարելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց Սաֆարյանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյան
Նա հիշեցրեց, որ անցած փետրվարի 9-ին հայաստանյան երեք կուսակցություններ, ՀՀԿ-ն, «Օրինաց երկիր»-ը եւ «ժառանգություն»-ը, Բրյուսելում Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցելիս, ստորագրեցին մի փաստաթուղթ, որով պարտավորություն ստանձնեցին Հայաստանն առաջնորդել եվրոպական ուղղությամբ: Այստեղ, «ժառանգության» ներկայացուցչի համոզմամբ, առկա է հստակ հակասություն:

Սանկտպետերբուրգյան հուշագիրը Սաֆարյանը համարում է Մոսկվայի հակաքայլ: Իսկ Հայաստանի իշխող կուսակցության համաձայնությունը՝ տեղի տալ այդ հակաքայլին եւ գնալ արդեն հայտարարված կուրսի լրջագույն փոփոխությանը, ընդդիմադիր գործիչը որոշակիորեն կապում է նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին Մոսկվայի աջակցությունը ստանալու՝ ՀՀԿ-ի ցանկության հետ:

«Հայաստանի իշխանության բոլոր քայլերը վերջին շրջանում ենթարկվում են այդ տրամաբանությանը` հաճոյանալու բոլորին` միայն թե ստանան որեւէ արտաքին աջակցություն առաջիկա նախագահական ընտրություններում», - նշեց Ստեփան Սաֆարյանը:

Հովաննես Սահակյանը, մինչդեռ, տեղին չի համարում կուրսի փոփոխության մասին պնդումները. - «Հիմա մենք ընդամենը փորձում ենք հասկանալ, թե ինչ նպատակադրումներ ունի նոր ստեղծվող այդ կառույցը»:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված՝ նեոԽՍՀՄ-ի մեջ Հայաստանի հնարավոր ընդգրկմանն ու անկախության որոշակի մասը զիջելուն, ապա, Սահակյանի համոզմամբ, անկախությունը Հայաստանի համար այլեւս անշրջելի է:
XS
SM
MD
LG