Սահմանադրական բարեփոխումներին «Ոչ» ասող ուժերը պնդում են, որ մայրաքաղաքի հյուրանոցները հրաժարվում են իրենց տարածք տրամադրել սեպտեմբերի 12-ին նախատեսված միասնական համաժողովի համար:
Կազմակերպչական աշխատանքներով զբաղվում է «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը, որի անդամ Հրայր Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մինչ այս պահը ավելի քան 10 հյուրանոցների ու բիզնես կենտրոնների են դիմել:
«Զանգում էինք, ճշտում էինք՝ ազա՞տ է, թե՞ ոչ: Նրանք դրական պատասխան էին տալիս: Պայմանավորվում էինք բոլոր պայմանները, վերջում հարցնում էին՝ ի՞նչ միջոցառում ենք անցկացնելու: Նշում էինք, որ «Ոչ»-ի ճակատի միջոցառումն է, հավաքվելու են Սահմանադրության փոփոխություններին դեմ քաղաքական ուժերը, և վերջում նաև հայտարարություն կարող է տարածվել: Որոշ ժամանակ անց նրանք զանգում ասում էին, որ՝ կներեք, սխալվել ենք, տարածքը վերցված է արդեն», - պատմում է նա:
Մանուկյանի խոսքով դեպք է եղել նաև, երբ պարզապես ասել են, որ մերժման պատճառը ծրագրվող քաղաքական միջոցառումն է։
Նախաձեռնության անդամները վստահ են՝ հյուրանոցներին հատուկ է ասվել, որ իրենց դահլիճ չտրամադրեն, և այս ձևով իշխանությունները փորձում են խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների դեմ իրենց ծավալած պայքարը:
«Բոլոր նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, հանդես են գալու ելույթներով, իսկ վերջում համատեղ հայտարարություն ենք նախատեսում ստորագրել», - պատմում է Հրայր Մանուկյանը:
Զանգահարեցինք հյուրանոցներ, որոնք, ըստ նախաձեռնության, նախապես համաձայնելուց հետո մերժել են պատվերը՝ պատճառաբանելով, թե դահլիճները զբաղված են։ Ներկայացանք որպես մի ընկերություն, որը ուզում է սեպտեմբերի 12-ին 100 հոգու մասնակցությամբ միջոցառում անցկացնել: Պարզվեց՝ հյուրանոցներում դահլիճները ազատ են, մեկն անգամ վարձակալության համար զեղչ առաջարկեց:
«Ոչ»-ի համաժողովին մասնակցելու են Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ու հասարակական կազմակերպություններ։ «Ոչ»-ի ճամբարում արդեն որոշել են՝ միջոցառման օրը չեն փոխելու, կշարունակեն դահլիճ փնտրել։
«Ծայրահեղ դեպքում կարող է լինել նաև բացօթյա», - ասում է Հրայր Մանուկյանը: