Հանրապետական խմբակցության պատգամավորներն այսօր գրեթե ողջ օրը փակ դռների հետևում բանակցություններ են վարել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ: Ինչպես փոխանցեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հոդված առ հոդված քննարկում են սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Ընդդիմադիրների քննադատությանն արժանացած որոշիչ հարցերից մեկի՝ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլով կայուն մեծամասնություն ստանալու դրույթից հանրապետականներն ու նախագահին առընթեր հանձնաժողովի անդամները չեն հրաժարվում և պնդում են, որ համոզել են նաև Վենետիկի փորձագետներին:
«Ամեն ինչ գնում է շատ նորմալ, արդեն նոր ձևակերպումը կլինի, այնտեղ շատ հստակ է, որ եթե չի ձևավորվում համապատասխան մեծամասնությունը, կարող է լինել երկրորդ փուլ: Մնացածը պետք է ձևակերպվի ընտրական օրենսգրքով: Այսինքն, շատ բան Սահմանադրությունում պետք չէ ամրագրել, որովհետև Ընտրական օրենսգիրքը արդեն դրանք բոլորը կսահմանի: Վենետիկի հանձնաժողովի հետ սա, կարծես թե, համաձայնեցված տարբերակ է, ինչը որը կլինի վերջնական տարբերակը», - «Ազատության» հետ զրույցում նշեց ԱԺ մեծամասնության ղեկավարը:
«Ազատության» հարցին՝ այսինքն, այնուամենայնիվ, կայուն մեծամասնության դրույթը կմնա՞ նախագծում, Բաղդասարյանը պատասխանեց․ - «Ինձ թվում է, որ կայուն մեծամասնության դրույթը պետք է մնա, բայց դրույթի ձևակերպման հետ կապված կլինեն առաջարկություններ, քննարկումներ, որին դեմ չի եղել նաև Վենետիկի հանձնաժողովը»:
Վենետիկի հանձնաժողովն առաջարկել էր Սահմանադրությունից հանել երկրորդ փուլի մասին դրույթը՝ տեղափոխելով այն ընտրական օրենսգիրք: Մասնագիտական հանձնաժողովը, սակայն, վերջին շտկումներից հետո միայն հստակեցրեց, թե երկրորդ փուլից խուսափելով էլ հնարավոր է մեծամասնություն ձևավորել՝ Ընտրական օրենսգրքի սահմանած կարգով և ժամկետներում: Հանրապետական Հովհաննես Սահակյանը բացատրում է․ - «Մենք չենք ուզենա, չէ՞, որ մեր պետությունում լինի ոչ կայուն մեծամասնություն, ոչ կայուն Ազգային ժողով, ոչ կայուն կառավարում: Դրա համար պետք է ինչ-որ մեխանիզմներ գտնես, որպեսզի ապահովես այդ կայունությունը»:
Նախագիծն այժմ խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովում է, որի ղեկավար Հովհաննես Սահակյանը դեմ չէ անգամ, եթե երկրորդ փուլի մասին դրույթը չամրագրվի Սահմանադրությամբ, սակայն դա՝ նրա անձնական կարծիքն է:
«Կարևորը, որ ունենանք կայունություն և՛ կառավարման համակարգում, և՛ Ազգային ժողովում: Միայն մեկ փուլում կլինի, թե երկրորդ փուլում նաև կլինի՝ դա արդեն տեխնիկական խնդիր է», - ասում է Սահակյանը:
Իր հերթին՝ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի թաքցնում՝ ամեն ինչ անելու են, որպեսզի մինչև աշնան վերջ Սերժ Սարգսյանն արդեն հանրաքվեի օրը նշանակելու հնարավորություն ունենա:
«Այնքան օպերատիվ աշխատանք է գնում, և հանձնաժողովը բոլոր առաջարկությունները անմիջապես վերցնում է, որից հետո գալիս է քննարկումների, և ինձ թվում է՝ չկան արդեն բաց տեղեր և բոլորը իրազեկված են, օրինակ՝ հանրապետական խմբակցության պատգամավորները բոլորը հոդված առ հոդված իրազեկված են», - նշեց Բաղդասարյանը, - «Եթե նոյեմբերին չէ՝ դեկտեմբերի սկզբներին կարելի է [հանրաքվե անցկացնել]: Ինձ թվում է, որ Ազգային ժողովը, համենայնդեպս, դա հասցնում է իր ժամկետների մեջ»: