Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանի կարծիքով խորհրդարանում բավականաչափ կոնսոլիդացիա կա


Ազգային ժողովի նախագահը վստահ է, որ եթե անգամ կես տարով Սահմանադրությունը ուսումնասիրելու դասընթացների գնա, միևնույնն է՝ փաստաթղթից շատ քիչ բան կհասկանա:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը վստահ է՝ եթե անգամ կես տարով Սահմանադրությունը ուսումնասիրելու դասընթացների գնա՝ մեկ է փաստաթղթից շատ քիչ բան կհասկանա: Հիմնավորում է՝ այն շատ լուրջ փաստաթուղթ է։ Ու չնայած դրան՝ այսօր խորհրդարանի խոսնակը բացատրեց, թե որն է հին և նոր սահմանադրությունների տարբերությունը․ - «Այսօր պիտի պարզապես ժողովուրդը հասկանա՝ ինքը ուզում է միակենտրոն ղեկավարություն, թե կոլեգիալ ղեկավարություն: Այս սկզբունքին պիտի անդրադառնանք: Եթե ժողովուրդը կցանկանա, որ իր խնդիրները լուծեն քննարկումների արդյունքում և ոչ թե միակենտրոն ղեկավարության, ուրեմն կողմ կքվեարկի: Եթե կուզի, որ անհատական վերաբերմունք ունենա, կապված նախագահական կամ կիսանախագահական, ուրեմն դեմ կքվեարկի»:

Թեև հարցի շուրջ Ազգային ժողովում լսումները միայն այսօր են սկսվել, Գալուստ Սահակյանը արդեն վստահ է՝ խորհրդարանական ուժերի մեծամասնությունը նախագծին «այո» է ասելու։ Նա դժվարացավ ասել, թե պատգամավորներից քանիսն են կողմ բարեփոխումներին, բայց շեշտում է՝ իր կարծիքով խորհրդարանում բավականաչափ կոնսոլիդացիա կա․ - «Դրսևորումը այնպիսին է, որ այդ փոփոխությունների քննարկման ժամանակ դրական շատ ձայներ կստանա սահմանադրական փոփոխությունները»:

Ընդամենը ամիսներ առաջ նախագիծը քննադատողների թիվը խորհրդարանում ավելի մեծ էր։ «Ազատության» հարցին՝ ի՞նչ փոխվեց այս ամիսների ընթացքում, Սահակյանը պատասխանեց՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը բարդ փաստաթուղթ է, այդ պատճառով էլ խմբակցությունների համար քննարկումներ կազմակերպվեցին մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում էլ պատգամավորները կարողացան իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ։

«Այն երևութային «ոչ»-երը կամ այն երևութային ընդդիմադիրները պիտի կարողանան հասկանալի դարձնել, որ սահմանադրությունը ոչ թե նրա համար է արժևորվում, որ՝ «ոչ» Հանրապետականին, այլ արժևորվում է, որ՝ քաղաքական ուժերը բավականին լուրջ լիազորություններ են ստանում և այս անգամ Հանրապետականը կարծեք թե ո՛չ նեղ կուսակցական, շահադիտական նկատառումներ, գործողություններ է ձեռնարկում», - նաև ասաց նա:

Սահակյանը վստահ է, որ հանրությունը դրական է տրամադրված սահմանադրության փոփոխությանը: Տեղեկացրեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տանում նաև Հանրապետականի տարածքային կառույցները։ Ազգային ժողովի նախագահը նաև պնդեց՝ իր համոզմամբ բարեփոխումներին ոչ ասողները ոչ թե նախագծին են դեմ, այլ դրանով սեփական իմիջն են փորձում բարձրացնել։

Հարց հնչեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «ոչ»-ի ճակատին միանալու հնարավորության մասին: Սահակյանը պնդեց՝ երկրորդ նախագահը ուժեղ թիմ չունի, իսկ դա պայքարի համար անհրաժեշտ է։

XS
SM
MD
LG