Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկված 29 դատապարտյալ հացադուլ է հայտարարել


Ցմահ ազատազրկված 29 դատապարտյալ հացադուլ է հայտարարել
please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00

Ցմահ ազատազրկվածները պահանջում են հնարավորություն ընձեռել պայմանական վաղաժամկետ ազատման համար:

Այսօր առավոտից Նուբարաշենի մեկուսարանում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալներ հացադուլ են հայտարարել:

Մինչ այդ դատապարտյալները նամակով դիմել էին արդարադատության նախարարին, սակայն որևէ պատասխան չեն ստացել:

Հացադուլ հայտարարած դատապարտյալները պահանջում են հնարավորություն ընձեռել վաղաժամկետ ազատման համար: Ցմահ ազատազրկվածների հարազատները, փոխանցելով հացադուլ հայտարարած անձանց դժգոհությունները, նշում են, որ 2011 թվականի քրեական օրենսգրքի փոփոխությունից հետո իրենք անհավասար պայմանների մեջ են գտնվում այն անձանց հետ, որոնք կարող էին օրենքի փոփոխությունից հետո վաղաժամկետ ազատվել:

Դատապարտյալները պահանջում են իրենց գործերի վերանայման հնարավորություն: Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանը, ով առավոտյան այցելել է հացադուլ հայտարարած անձանց, «Ազատությանը» փոխանցեց․- «Մինչև 2011 թվականը ցմահ դատապարտյալների համար կար այսպիսի սահման՝ մինչև 15 տարի ազատազրկում, որպես ամենախիստ պատիժ և մահապատիժ կամ ցմահ ազատազրկում: Եղավ փոփոխություն՝ 15 տարին դարձավ 20 տարի, սակայն սա չդիտարկվեց որպես բարելավում և հնարավորություն վերանայելու գործերը, և ցմահ դատապարտյալները իրենց դժգոհությունն են հայտնում նաև այս մասով, որովհետև հնարավոր է, որ այս կարգավիճակում, նման պարագայում իրենք միանշանակ չէին լինի ցմահ դատապարտյալ կամ մահապատժի չէին դատապարտվի և դրա համար պահանջում են և ուզում են իրենց գործերի վերանայումը: Սակայն հիմա հացադուլի հիմնական պատճառը արդարադատության նախարարության կողմից նախարարի կողմից պատասխան չտրամադրելն էր»:

Արդարադատության նախարարության մոտ հավաքված քաղաքացիները պնդեցին, որ հացադուլ հայտարարած իրենց հարազատներն իրականում անմեղ են, չեն ընդունել մեղադրանքները, սակայն դատապարտվել են ծանր հանցագործության, և այսքանից հետո էլ պետությունը հնարավորություն չի ընձեռում, որպեսզի վերանայվեն նրանց գործերը՝ հանուն արդարության:

Հացադուլ հայտարարած դատապարտյալների հարազատներից մեկին և լրագրողներին ընդունեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նա ասաց, որ նախարարությունը խնդիրն ուսումնասիրում է՝ սեղմ ժամկետում պատասխանելու նպատակով:

«Հուլիսի ընթացքում մենք կփորձենք ամփոփենք այդ խնդիրները և մեր անելիքների մասին, համենայնդեպս, եթե պահանջվեն օրենսդրական լուծումներ, եթե գործնական քայլեր պահանջվեն, մենք հստակ կհայտնենք, թե ինչ ենք պատրաստվում անել», - ասաց Քրմոյանը:

Հացադուլ հայտարարած անձինք զգուշացնում են, որ եթե խնդիրը չլուծվի, հացադուլ հայտարարածներին կմիանան ևս 30 հոգի:

XS
SM
MD
LG