Մատչելիության հղումներ

ՄԹ դեսպանը ծանոթացել է հայ դատապարտյալների խնդիրներին


Կարեն Անդրեասյան, Կեթրին Լիչ
Կարեն Անդրեասյան, Կեթրին Լիչ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչն այսօր առավոտյան այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ ծանոթացել բանտի պայմաններին, զրուցել դատապարտյալների ու հիմնարկի աշխատողների հետ:

Լրագրողների հետ հանդիպմանը դեսպանը, պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին, ներկայացրեց իր տպավորությունները: Նա առանձնանցրեց երկու հիմնական խնդիր, որոնցից առաջինը շենքային պայմաններն են:

«Այն խորհրդային օրերից եկող մի հին, մաշված շենք է, որտեղ մեկ խցում ապրում են 16 հոգի: Այս մարդիկ քայլելու, շարժվելու տեղ չունեն, օրվա մեծ մասն անցկացնում են բանտախցում», - իր մտահոգությունը ներկայացրեց դեսպան Լիչը:

Նա անդրադարձավ նաև դեռևս ազատազրկման չենթարկվածների խնդրին. - «Ամեն մի երկիր պետք է ուշադրությամբ հետևի այն սկզբունքին, որ կալանավորվեն նրանք, ովքեր մեծապես վտանգավոր են կամ փախչելու հնարավորություն ունեն»:

Հայաստանի շատ փաստաբաններ ևս բարձրացնում են այս խնդիրը:

Դեսպանի հաջորդ բարձրացրած խնդիրը դատապարտման մեխանիզմներին է վերաբերում: Նա կարևորում է այլընտրանքային պատժամիջոցների կիրառումը, երբ հանցանքից կախված՝ հնարավոր կլինի մարդուն բանտ չնստեցնել:

«Այլընտրանքային պատժամիջոցների կիրառումը հրաշալի լուծում կլինի», - համոզված է Հայաստանում Միացյալ Թագավարության դեսպանը:

Լիչը մեջբերեց իրենց նախարարներից մեկի խոսքն այդ մասին՝ «բանտը թանկ միջոց է վատ մարդուն դարձնել ավելի վատը»:

Հայաստանի մադու իրավունքների պաշտպան Կարեն Ադրեասյանը իր հերթին խոսեց բանտախցերի պայմաններից, երբ մարդիկ հերթով են քնում, դա բնորոշելով որպես խոշտանգում:

Պաշտպանը այսօր լրագրողներին փոխանցեց ցմահ ազատազրկվածներից մեկի խոսքերը։ Ցմահ ազատազրկված Ստեփանն այնտեղ է տասնյակ տարիներ, նա իր ու իր խցակիցների անունից ուզում էր անարդարությունների մասին բարձրաձայնել, նշեց Անդրեասյանը. - «Ասաց, որ հատկապես ցմահ ազատազրկվածների դեպքում այդպես երկար շարունակվել չի կարող և կարող է պայթել մի օր։ Նա նկատի ուներ, որ կպայթի այնպես, ինչպես, օրինակ, եղավ ինքնասպանության դեպքը։ Եղավ շատ-շատերի հետ, որոնք կարող են անել ավելի վատ արարք, քան իրենք ի սկզբանե ի վիճակի էին կամ պատրաստ են։ Կպայթի ոչ միայն նրա համար, որովհետև դեռ կան վատ պայմաններ, այլ կա այդպիսի մի հատուկ անտարբերություն ու անարդարություն հասարակության կողմից, առանձին քաղաքական ուժերի կողմից»։

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի՝ ազատազրկվածների խնդիրները հիմնականում առաջանում են ոչ թե բանտերում, այլ դատական համակարգում։ Անադարության զգացումն ու ինքնախեղումը բանտերում վատ դատական համակարգի պատճառով են, համոզված է Անդրեասյանը։ Պաշտպանը ասաց՝ իրականում ազատազրկվածները թունելի վերջում լույս չեն տեսնում, ինչը պայմանավորված է մի շարք խնդիրներով։ Դրանցից են՝ երիտասարդ տարիքում ցմահ ազատազրկման ենթարկելու, իսկ հետագայում ցմահ ազատազրկումը կրճատելու հարցերը։

«18-21 տարեկանում հանցագործություն կատարած մարդուն ցմահ դատապարտելն ավելի մեծ հանցագործություն է, քան նրա կատարած հանցանքն է, նման անարդարությունը կարող է պայթյուն առաջացնել», - ասաց Անդրեասյանը։

Դատապարտյալների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մի օրինագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որը, ինչպես բնորոշում է Անդրեասյանը, հավանաբար քաղաքական խաղերի պատճառով ձախողվել է։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մտադիր է սեպտեմբերին կրկին այն խորհրդարանի քննարկման առարկա դարձնել։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ազատազրկվածների խնդիրների հիմքում մի շարք պատճառներ է առանձնացնում։ Դրանցից առաջինը կառավարության ֆինանսական միջոցների սղությունն է, երկրորդը՝ կոռուպցիան, երրորդը՝ հիմնականում խորհրդային ժամանակներից ժառանգված քրեական օրենսդրությունը։ Նա միաժամանակ նշում է, որ ԱՊՀ երկրների հետ համեմատությամբ՝ Հայաստանում ազատազրկման վայրերում վիճակը բարվոք է, ու զարգացումներ կան։

2013 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ ուսումնասիրել է 133 փակ և կիսափակ հաստատություններ՝ արդյունքներն ամփոփելով միջանկյալ զեկույցում:

Արդարադատության նախարար մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ու Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի բարձրացրած խնդիրներին իրենք ծանոթ են ու դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումներ են կատարվում։ Նա նշեց, որ այդ խնդիրների առկայության պատճառը հիմնականում կապված է ֆինանսական միջոցների բացակայության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG