Մատչելիության հղումներ

Համաներումը «ժամանակավորապես կթեթևացնի ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը»


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
Համաներումը ժամանակավորապես թեթևացնելու է ծանրաբեռնվածությունը քրեակատարողական հիմնարկներում, կարծում է քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախկին ղեկավար, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Արման Դանիելյանը:

Դանիելյանն ասում է՝ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են.- «2009 թվականի համաներման արդյունքում իրավիճակը թեթևացավ ընդամենը վեց ամսով, ընդամենը վեց ամիս հետո բնակեցումը էլի նույնն էր»։

Ըստ Դանիելյանի, գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության պատճառը հիմնականում այլընտրանքային պատիժների չկիրառումն է և քրեակատարողական հիմնարկները քիչ լինելը։ «Եթե այս խնդիրները լուծվեն, համաներման կարիք այլևս չի լինի»,- ասում է Դանիելյանը։

Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախկին ղեկավարը գտնում է, որ համաներման պարագայում անհատական մոտեցում դատապարտյալներին չի ցուցաբերվում:

«Որոշում են՝ այսինչ քրեական հոդվածով բոլորին ազատում են, դուրս են գալիս մարդիկ, ովքեր նորմալ պայմաններում պիտի մնային քրեակատարողական հիմնարկում և իրենց հետ պիտի աշխատանքներ տարվեին, որպեսզի նրանք ուղղվեին, և հակառակը՝ ինչ-որ հոդվածներով, հիմնականում ավելի ծանր հոդվածներով, մարդիկ, ովքեր գուցե պատրաստ են հասարակություն վերադառնալու, չեն վերադառնում»,- ասում է Դանիելյանը։

Փաստաբան Լուսինե Սահակյանի գնահատմամբ՝ Հայաստանի պարագայում համաներման կիրառումը կարծես թե անհրաժեշտություն է դարձել:

«Բազմաթիվ անձինք քրեակատարողական հիմնարկում են հայտնվել օրենքի կոպիտ խախտումներով, բազմաթիվ անձինք կան, որ ընդհանրապես հանցագործություն չեն կատարել և հայտնվել են քրեակատարողական հիմնարկում, և ստիպված պետք է կիրառեն համաներման ակտ։ Ավելին՝ բազմաթիվ հանցագործություններ կատարած անձինք, օրինակ, գողություններ, համաներման ակտի կիրառմամբ ազատվում են, մի քանի ամիս հետո հայտնվում են քրեակատարողական հիմնարկում, պետությունը լրացուցիչ գումարներ է ծախսում, որպեսզի հետապնդի նրանց... իրականում այսքան հաճախ համաներման ակտի կիրառման անհրաժեշտությունը պետություններում չկա»,- ասում է փաստաբանը։

Սահակյանը տարօրինակ է համարում այն փաստը, որ համաներմամբ ազատ են արձակվում այն անձինք, որոնց մերժվել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելը:

«Ստացվում է՝ եթե պետությունը համարում է, որ նրանք չեն վերադաստիարակվել և պայմանական վաղաժամկետ չեն կարող ազատվել, այնուհանդերձ, ազատվում են համաներման ակտով»,- շեշտեց փաստաբանը։

Սպասվող համաներումը փաստաբանն արտառոց է համարում նրանով, որ այն տարածվելու է նաև ծանր հանցագործության, մասնավորապես սպանության կատարած անձանց վրա:

«Վեց ամսով է կրճատվելու այդ մարդկանց պատիժը։ Ինձ համար ակնհայտ է, որ այս համաներումը այս բովանդակությամբ կիրառվում է կոնկրետ անձանց ազատ արձակելու համար։ Նշանակում է՝ ինչ-որ անձինք կան, որոնց մնացել է վեց ամիս պատիժը կրելու և հատուկ այդ անձանց համար նման բովանդակությամբ համաներում է ընդունվում»,- ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ 2011 թվականի մայիսի 27-ից սեպտեմբերի 21-ը քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 590 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 424-ի պատժաչափը: Առաջիկայում սպասվող համաներման արդյունքում, ըստ արդարադատության նախարարի մոտ 400-500 մարդ անմիջապես է ազատ արձակվելու։
XS
SM
MD
LG