Մատչելիության հղումներ

Հայկական կողմը գերեվարված զինվորի մասին դեռևս տեղեկություն չունի


Հայկական կողմը գերեվարված զինվորի մասին դեռևս տեղեկություն չունի
please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00

Հայկական կողմը դեռևս տեղեկություն չունի անցած շաբաթվանից ադրբեջանական գերության մեջ գտնվող 22-ամյա հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի վերաբերյալ:

Պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կապի միակ միջոցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, իսկ կոմիտեի ադրբեջանական պատվիրակությունը դեռևս չի հանդիպել գերու հետ։

Դեպքը պատահել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը երեքի շրջանակներում։ Նախնական պաշտոնական տեղեկատվության համաձայն, զինվորը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել է Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Հայ գերու մասին տեղեկությունները Հայաստան են հասնում հիմնականում ադրբեջանական մամուլի միջոցով: Ըստ այդմ, Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հավաստիացրել է, որ Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է Բաքու, գտնվում է պաշտպանության նախարարությունում, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման ընթացքում ամենայն հավանականությամբ կքննարկվի նրա Հայաստան վերադառնալու հարցը։

Զինվոր ընտանիքն էլ այսօր մեր այցելության ժամանակ տարակուսած էր, նրանք զրույցում պահանջում էին Հակոբին ողջ առողջ վերադարձնել:

«Մեր երեխային ոնց տվել ենք, նույն ձևով մեզ վերադարձնեն… իրենք կգնան գերի, ով կգնա, ով չի գնա՝ մեզ դա չի հետաքրքրում»,- ասաց զինվորի հորաքույրը՝ Սիրանույշ Ինջիղուլյանը։

Ընտանիքի ունեցած տեղեկություններով, զինծառայողը մոլորվել է ջրի գնալիս։ Իսկ թե ինչո՞ւ է զինվորը որոշել գիշերվա ժամը երեքին ջրի գնալ՝ հարազատներին անհայտ է: Հակոբ Ինջիղուլյանի անհետացման մասին ընտանիքն իմացել է օգոստոսի 8-ի առավոտյան, երբ Ռազմական ոստիկանությունից եկել են տուն ՝ նրան փնտրելու։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցներն են տարածել նրա գերեվարման լուրը։ Գերի ընկնելու ժամանակ մոտը չի հայտնաբերվել ոչ զենք, ոչ փաստաթղթեր։

Մայրը Գայանե Ինջիղուլյանը պատմեց, որ դեպքի նախօրեն հեռախոսով զրուցել են Հակոբի հետ, ասել է, որ լավ է։ Ընտանիքը պնդում է, որ նա ծառայակիցների հետ երբևէ խնդիրներ չի ունեցել և բացառելեց միտումնավոր դիրքերը լքելու կամ ծառայությունից փախչելու տարբերակը։ Հարազատները պատմում էին, որ տղան նույնիսկ արձակուրդ չի ցանկացել գալ։

«Խանութից եկա, տեսա Ռազմական ոստիկանությունը արդեն մեր տանն է: Սկզբից ասացին, որ լքել է զորամասը, հարցուփորձ էին անում, թե տղան ու՞ր է: Զարմացանք։ Որովհետև միշտ ասում էր՝ «էնքան լավ ենք ընկերներով, որ իսկի եղբորիցս էդքան գոհ չեմ եղել, ինչքան նրանցից»: Շատ գոհ էր», - պատմում էր մայրը, - «Ասում են՝ ջրի է գնացել, կորել է: Չգիտենք, ոչ մի տեղեկություն չունենք»։

Մոլորվելու պատճառը ընտանիքը համարում է տեսողության հետ կապված խնդիրները։ Տատը՝ Կատերինա Ինջիղուլյանը, վրդովված հարցնում էր՝ ինչպե՞ս են երիտասարդին վատ տեսողությամբ տարել դիրքեր, և եթե տարել են, ինչո՞ւ ուշադիր չեն եղել:

«Էլի թող ուղարկեն, տղամարդը եղել է ծառայության համար, պիտի ծառայեն: Մի տարի երկու ամիս իմ երեխան ծառայել է, ես չորս-հինգ անգամ ակնոցներ եմ ուղարկել, ապակիներ եմ ուղարկել: Բայց դու մի՞թե չես ասում՝ այդ երեխային ինչո՞ւ եմ ուղարկում դիրքեր, թող մնար զորամասում, իր պարտքը տար ու գար: Բա այսքանից հետո գոնե պիտի ուշադիր լինեին... Հիմա հինգ օր է՝ մնացել ենք շվարած, թե մեր երեխան կգա՞ տուն: Ի՞նչ իմանամ՝ ինչ են արել էնտեղ, ի՞նչ իմանամ՝ զարկել են, քաշքշել են...», - ասում էր տատը:

Հակոբ Ինջիղուլյանի անվտանգ և շուտափույթ վերադարձը կազմակերպելու նպատակով պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը օրերս հանդիպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագան Ռանկովիչին: Նախարարությունը հավաստիացնում է, որ տեղի ունեցած դեպքը վերադարձից հետո իրավական հետևանքներ չի առաջացնի զինվորի համար։
XS
SM
MD
LG