Անդրադառնալով անկախության թեմային` «Հրապարակ»-ը գրում է. - «Մարդիկ ավելի շատ են սկսել իրար շնորհավորել անկախության տոնի առիթով, քան սրանից մեկ, երկու, հինգ տարի առաջ: Եվ դա շատ ուրախալի է: Գուցե սառույցը ճաք է տվել, եւ, այնուամենայնիվ, նոր սերունդը սկսել է գնահատել անկախություն կոչվող արժեքը: Գուցե անցյալի նկատմամբ նոստալգիկ հիշողություններ ունեցողների քանակն է պակասել: Իսկ գուցե պարզապես մարդիկ սկսել են հասկանալ, որ վատ են ապրում ոչ այն պատճառով, որ երկիրն անկախացել է, հակառակը` անկախության պայմաններում լավ ապրելու հեռանկարն ավելի իրական է, հույսերը` ավելի իրատեսական: Վերջապես` ինչ մեղք ունի անկախությունը, եթե մենք ապաշնորհ ենք, ծույլ, անհաշտ, անհանդուրժող ու չար»: