Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 9-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իհարկե, ցավալի է, որ Ազգային ժողովի երկու ընդդիմադիր պատգամավորներ վայր դրեցին իրենց մանդատները: Դա հատկապես տխուր հանգամանք է Խաչատուր Սուքիասյանի դեպքում, քանի որ նա ընտրվել է մեծամասնական կարգով, եւ նրա փոխարեն իշխանությունը հաստատ կկարողանա «սղացնել» հերթական «կոճակ սեղմողի»: Բայց նաեւ պարոն Սուքիասյանի` մանդատից հրաժարվելու հիմնավորումն ինձ համոզիչ է թվում. ինչպե՞ս կարելի է նստել եւ օրենսդրություն քննարկել այն մարդկանց հետ, որոնց մեծ մասը կողմ է քվեարկել իր գործընկերոջը` քաղաքական հայացքների համար քրեորեն հետապնդելուն: Րաֆֆի Հովհաննիսյանի պատճառաբանություններն ավելի մշուշոտ են, բայց նրան նույնպես կարելի է հասկանալ. խորհրդարանի պատգամավորները Հայաստանում մոտավորապես նույն վարկանիշն ունեն, ինչ որ ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողները. ԱԺ շենքի առաջ նույնպես կարելի է պաստառ պահել` «հերիք է մեզ խայտառակեք», որովհետեւ մեր օրենսդիրների գրագիտության եւ մտավոր ընդհանուր մակարդակը զգալիորեն զիջում է ՀՀ բնակչության միջին մակարդակին»:

Նույն թերթի թղթակիցը զրուցել է Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Սամվել Նիկոյանը մի հարցազրույցում ասել էր, թե իր համար կարեւորն այն է, որ եզրակացության մեջ տրվեն այն ճանապարհները, որոնք կբացառեն մարտի 1-ի ողբերգության կրկնությունը: Ձեր կարծիքով՝ այս մեկուկես տարում կատարվեցի՞ն քայլեր, որ մարտիմեկեր այլեւս չլինեն»: Թորոսյանը պատասխանում է. - «Բացարձակապես: Եվ դա չէր կարող կատարվել զուտ հանձնաժողովի ջանքերով: Հանձնաժողովը մեկ խնդիր պետք է ունենար՝ պատասխանել բոլոր այն հարցադրումներին, որ Ազգային ժողովը ձեւակերպել էր իր որոշման մեջ: Խնդիրը, որի մասին ձեր հարցն է, շատ ավելի լայն է եւ վերաբերում է ընդհանրապես Հայաստանի քաղաքական համակարգի եւ հասարակական-քաղաքական կյանքի առողջացմանը: Ակնհայտ է, որ այս ուղղությամբ որեւէ բան չի արվել, ճիշտ հակառակը: Այս մեկուկես տարվա ընթացքում շատ ու շատ հարցեր պարզապես խորացել են, եւ շատ ու շատ թերություններ նոր որակներով են դրսեւորվել՝ բացասական առումով: Այնպես որ, դժբախտաբար, ակնկալել, որ նման բաներ չեն կրկնվի, հնարավոր չէ: Դրա համար անհրաժեշտ է շատ ավելի մեծ ծավալի լուրջ աշխատանք»:

«Ազգ»-ը ներկայացնում է «Թուրան» գործակալությանը Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի տնօրեն Զեյնո Բարանի տված հարցազրույցը: Նա ասել է, թե հայ-թուրքական սահմանի բացումը լիովին համապատասխանում է Արեւմուտքի շահերին` Հայաստանի` Ռուսաստանից եւ Իրանից կախվածության նվազմանը: Իսկ ահա Ադրբեջանի շահերը, Բարանի խոսքով, Անկարան հաշվի է առնելու տարածաշրջանային բոլոր, այդ թվումՙ հայ-թուրքական հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու ժամանակ: Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման առիթով Ադրբեջանի անհանգստությունը, որը Թուրքիայում, ըստ նրա, շատերի համար հասկանալի է, Զեյնոն խոստովանում է, որ ինքն էլ է հասկանում. «Սակայն չեմ հավատում, որ Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որեւէ քայլ կանի»: Զեյնո Բարանը չի թաքցրել, թե մոտակա ամիսներին ղարաբաղյան կարգավորման բանակցություններում պետք է ճեղքման սպասել, քանի որ, ըստ նրա, մինչեւ տարեվերջ սահմանի բացումը արագացում եւ արդյունավետություն կհաղորդի բանակցություններին. - «Ներկայիս համաձայնությունը կարող է վկայել հակամարտությունը կարգավորելու կողմերի ցանկության մասին: Առաջիկա ամիսներին բոլոր երեք կառավարությունները ձգտելու են լուծել այդ դժվար եւ կարեւոր հարցերի փաթեթը»:

«Հայոց Աշխարհ»-ում իր հոդվածն է զետեղել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Պատմաբանների հանձնաժողովի մասին նա ասում է. - «Թուրքական այսօրվա իրողություններին եկեք սթափ նայենք, սուր անկյուններից դիվանագիտական շրջանցումներ չանենք։ Այսպես, ճիշտ վերջերս Թուրքիայում անցկացված սոցիոլոգիական հարցումներից պարզվել էր, որ հարցվածների 70%-ը դեմ է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը։ Ուրեմն ո՞րն է նման իրավիճակում մեր անելիքը. դրժելով ու մերժելով երկխոսությունը՝ մեզնից վանե՞նք հարցվածների այն 30%-ին էլ, որոնք կողմ են դիվանագիտական կապերի հաստատմանը, սահմանի բացմանը, թե՞, հակառակը, օգտագործելով արձանագրության այդ դրույթը թուրք ժողովրդին 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը հաստատող անվիճարկելի փաստերով լիարժեքորեն զինենք»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ասել է. «Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը չի կատարի իշխանությունների կամքը եւ չի գնա կամավոր ինքնասպանության»: Փորձենք հասկանալ: Ուրեմն, «իշխանությունների կամքը» (խոսքը, պարզ է, Սերժ Սարգսյանի մասին է) կատարել, նշանակում է ինքնասպանություն գործել… Եվ այդ պայմաններում ինչպե՞ս է վարվում ՀՅԴ-ն: Պայքարում է դրա դեմ, բայց շատ հանգիստ, կոռեկտ, կարելի է ասել՝ նրբորեն: Իսկ ղարաբաղյան պատերազմի ամենածանր տարիներին, օրինակ, ՀՅԴ-ն կոռեկտ չէր: Իշխանությունները պատերազմ էին մղում, ընդ որում՝ ոչ առանց հաջողությունների, իսկ այդ ընթացքում դաշնակները Երեւանի փողոցներն ընկած կոչ էին անում կախաղան հանել երկրի նախագահին, պաշտպանության նախարարին եւ մյուսներին: Ինչ հրաժարական, ինչ բան, կախաղան եւ վերջ: Ուշադրություն դարձրեք՝ այն ժամանակ ժողովրդի «ինքնասպանության» խնդիր չկար դրված, ոչ մի «դավաճանական արձանագրություն» ստորագրված չէր, պարզապես Հրայր Մարուխյանն էր արտաքսվել երկրից»:

7օr.am ինտերնետային թերթը գրում է, որ ըստ օն-լայն ֆորումներում տարածված ինֆորմացիայի' այսօր կայանալիք Հայաստան-Բելգիա ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի հավաքականի անհաջողության դեպքում հայ ֆուտբոլասերների «First Armenian Front» ֆան ակումբը պատրաստվում են բոյկոտել խաղը։ Ֆորումներում բոյկոտի ձեւը չի նշվում՝ իրավապահների կողմից այն չկանխելու նպատակով։ Նշվում է, որ այսօրվա հանդիպմանը Բելգիայի հավաքականը, Իսպանիայի հետ անհաջողությունից հետո, մարտական է տրամադրված։ Մարտական են տրամադրված նաեւ հայ ֆուտբոլասերները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG