44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին «հազարավոր քրգործեր են հետևելու»

ԱԺ նիստերից մեկը, արխիվ

44-օրյա պատերազմի հանգամնքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի փակ նիստում՝ հաշվի առնելով զեկույցում առկա գաղտնի տեղեկատվությունը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս այդպես էլ չհստակեցրեց՝ երբ է ներկայացվելու զեկույցը խորհրդարանում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցը պատգամավորներին կներկայացվի հոկտեմբերին։

Քոչարյանն այսօր պնդեց, թե զեկույցին հետևելու են քրեական գործեր: «Դրանք հազարներ են, այո՛, հազարավոր գործեր», - ասաց հանձնաժողովի նախագահը։

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ավելի քան երկու տարի առաջ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն ավելի վաղ ասել էր, որ պետք է փորձեն այնպես անել, որ զեկույցի այն կարևորագույն հատվածները, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում ու անվտանգային ռիսկեր էլ չեն պարունակում Հայաստանի համար, այդ հատվածներն առնվազն հանրությանը հասանելի լինեն։

Խորհրդարանական ընդդիմությունը, որն ի սկզբանե բոյկոտել էր հանձնաժողովի նիստերը, համարելով, որ պատերազմի շրջանում երկիրը ղեկավարած անձինք չեն կարող օբյեկտիվ քննություն իրականացնել, դեռ որոշում չունեն՝ զեկույցի ներկայացմանը կմասնակցեն, թե՝ ոչ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է