Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին պնդել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։
Նա շեշտել է, որ քվեարկության օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը։ Դեկտեմբերի 29-ին լրանում է Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետն, իսկ «Վրացական երազանքը» նախատեսում է անցկացնել նոր ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։
Զուրաբիշվիլին վերահաստատել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը։
«Որպեսզի երկրում ամեն ինչ լավ ավարտվի, թող նա գա (նախագահական) պալատ, քանի որ նա վերահսկում է ամեն ինչ։ Ես պատրաստ եմ նստել և մտածել նրա հետ, թե ինչպես պետք է նշանակվեն ընտրությունները», - նախօրեին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հավաքվածների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի գործող նախագահը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ում լեգիտիմությունը չեն ճանաչում ընդդիմությունն ու նախագահը, ընդգծել է, որ նոր ընտրություններ նշանակելու պատճառ չկա։ Նա կիրակի օրը սպառնացել է Զուրաբիշվիլիի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, եթե վերջինս գերազանցի իր լիազորությունները և հայտարարի նոր ընտրություններ անցկացնելու մասին, ինչպես նաև եթե հրաժարվի հեռանալ նախագահական պալատից։
Կոբախիձեն ասել է, թե ոչ ոք չի ցանկանում 72-ամյա նախագահին բանտ ուղարկել, ուստի հույս ունի, որ Զուրաբիշվիլին «բավականաչափ խոհեմություն կունենա»։ Զուրաբիշվիլին էլ, իր հերթին, հայտարարել է, թե չի վախենում բանտում հայտնվելուց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպացիները դանդաղ են արթնանում, դանդաղ արձագանքում․ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհ է Եվրոպայից