Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին խնդրում է ԵՄ-ին՝ նոր ընտրությունների անցկացման հարցով ճնշում գործադրել Թբիլիսիի վրա


Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում, 18-ը դեկտեմբերի, 2024թ․
Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում, 18-ը դեկտեմբերի, 2024թ․

Վրաստանի հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով ճնշում գործադրել Վրաստանի կառավարության վրա՝ նոր ընտրություններ անցկացնելու համար:

Խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ նոր ընտրությունների պահանջով։

Ցույցերը նոր թափ ստացան, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշեց դադարեցնել Եվրամիության անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը: Ոստիկանությունն ուժ կիրառեց այդ հավաքները ցրելու համար։

«Եվրոպան պետք է գործելու լծակներ գտնի: Եթե Եվրոպան չի կարող լծակներ գործադրել 3,7 միլիոնանոց երկրի վրա, ինչպե՞ս կարող է ակնկալել մրցակցել 21-րդ դարի հսկաների հետ», - հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։

Երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են վիզային սահմանափակումներ մտցնել վրացի դիվանագետների և պետական պաշտոնյաների համար։ Նրանք նաև քննարկել են Վրաստանի պաշտոնյաների ցուցակը, որոնց դեմ պետք է պատժամիջոցներ սահմանեն, սակայն համաձայնության չեկան։

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ դա բավարար չէ, և հորդորել է աշխարհի ամենամեծ առևտրային բլոկին՝ օգտագործել իր կշիռը որպես Վրաստանի ամենամեծ դոնոր և ամենամեծ տնտեսական շուկա, միևնույն ժամանակ մեղադրելով Եվրամիությանը դանդաղ գործելու մեջ։

«Այնտեղ, որտեղ վրացիները գիշեր-ցերեկ կռվում էին, եվրոպացիները դանդաղ էին արթնանում և դանդաղ արձագանքում», - հայտարարել է Զուրաբիշվիլին։

Եվրամիության ղեկավարները Վրաստանի զարգացումները կքննարկեն հինգշաբթի օրը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։

XS
SM
MD
LG