Զուրաբիշվիլին դիմել է ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու հարցով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները չեղարկելու հայցով։

«Դատարան ներկայացված փաստաթղթում խոսվում է սահմանադրական իրավունքներից երկուսի խախտման մասին», - նշել է դատարանում նախագահի շահերը ներկայացնող փաստաբան Էկա Բեսելիան։

«Առաջին սկզբունքը, որ խախտվել է ընտրությունների համընդհանուր բնույթն է։ Արտերկրում ապրող մեր քաղաքացիներին արգելել էին մասնակցել ընտրություններին։ Երկրորդ սկզբունքը՝ քվեարկության գաղտնիությունն է։ Այս սկզբունքի խախտման բազմաթիվ ապացույցներ են առկա։ Դա ևս սահմանարդական չափանիշների խախտում է», - նշել է փաստաբանը։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին հաստատել է ընդդիմության և նախագահի կողմից չճանաչված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Հայտարարված թվերը հաստատել են նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին չորրորդ ժամկետն անընդմեջ։

Պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր ուժերից ոչ մեկը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ։ Ընտրությունների արդյունքները չի ընդունում նաև երկրի նախագահը։ Ընդդիմությունը պահանջում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նոր քվեարկություն և խախտումների միջազգային հետաքննություն՝ անվստահություն հայտնելով քննչական մարմիններին և դատական համակարգին։

Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում ոստիկանները բռնի ուժով ցրեցին նստացույցը, կան տասնյակ բերման ենթարկվածներ