Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ոստիկանները բռնի ուժով ցրեցին նստացույցը, կան տասնյակ բերման ենթարկվածներ


Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, Թբիլիսի, 19-ը նոյեմբերի, 2024թ․
Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, Թբիլիսի, 19-ը նոյեմբերի, 2024թ․

Այսօր առավոտյան ոստիկանները բռնի ուժով հեռացրել են ցուցարարներին Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի հարակից տարածքից, որտեղ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիները վրաններ էին տեղադրել, նստացույց էին անում նոյեմբերի 17-ից՝ պահանջելով նոր ընտրություններ, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։

Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ, ապամոնտաժել վրանները։

Հաղորդվում է տասնյակ բերման ենթարկվածների մասին։ Բերման ենթարկվողներից երկուսն անհապաղ բժշկական օգնության կարիք են ունեցել։

Շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերում ոստիկանական գործողություններից տուժած ցուցարարին, Թբիլիսի, 19-ը նոյեմբերի, 2024թ․
Շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերում ոստիկանական գործողություններից տուժած ցուցարարին, Թբիլիսի, 19-ը նոյեմբերի, 2024թ․

Նախնական տեղեկություններով՝ ցուցարարները բերման են ենթարկվել խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար։

Հաղորդվում է, որ բերման ենթարկվածների թվում նաև լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչներ կան։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին հաստատել է ընդդիմության և նախագահի կողմից չճանաչված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Հայտարարված թվերը հաստատել են նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին չորրորդ ժամկետն անընդմեջ։

Պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր ուժերից ոչ մեկը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ։ Ընդդիմությունը պահանջում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նոր քվեարկություն և խախտումների միջազգային հետաքննություն՝ անվստահություն հայտնելով քննչական մարմիններին և դատական համակարգին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG